Արմեն Ստեփանյան. Ամուլսարի ծրագիրը ՀՀ հանքարդյունաբերության համար լուծում է

29.05.2019 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #Լիդիան #Արմեն Ստեփանյան
Լիդիանի կայուն զարգացման գծով փոխնախագահ, երկրաբնապահպանության գծով գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյանն ասել է. «Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանի հանքարդյունաբերության համար լուծում է, այլ ոչ թե եւս մեկ խնդիր»:

Այս մասին նա նշել է Massispost.com-ին տված հարցազրույցում, որը թարգմանաբար ներկայացված է ստորեւ:

Տարիներ շարունակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը քննադատվել է վատ բնապահպանական կառավարման եւ թափանցիկության բացակայության համար: Որպես բնապահպանության ոլորտի գիտնական, վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հնարավոր է շտկել՝ լուրջ բարեփոխումներով: Հանքարդյունաբերությունն այնպիսի երկրների տնտեսությունների ողնաշարն է, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան: Հանքարդյունաբերությունը վերջին տասնամյակներում զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ առաջարկելով պատասխանատու բնապահպանական եւ սոցիալական կառավարման համար նոր լուծումներ: Այսօր հանքարդյունաբերությունը, որը գործում է “Zero Harm” («Զրոյական վնաս») կամ նույնիսկ “Beyond Zero Harm” («Զրոյական վնասից ավելին») հայեցակարգի շրջանակներում, իրականություն է բազմաթիվ զարգացած հանքարդյունաբերական երկրներում: Հայաստանը այս առումով դեռեւս ճանապարհ ունի անցնելու: Պատասխանատու իրականացման դեպքում հանքարդյունաբերությունը կարող է շահավետ լինել տնտեսության եւ երկրի համար:

Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանի հանքարդյունաբերության համար լուծում է, այլ ոչ թե եւս մեկ խնդիր:

Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլին: Ամուլսարի ծրագիրը Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն է: Առ այսօր ներդրվել է ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար: Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի Ֆոնդային բորսայում: Սա նշանակում է, որ ընկերության մասին տեղեկատվությունը թափանցիկ է եւ հասանելի է բոլոր շահագրգիռ կողմերի համար: Խոշոր բաժնետերերի շարքում են մի շարք հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողներ՝ ներառյալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք պահանջում են խիստ բնապահպանական եւ սոցիալական ստանդարտների պահպանում: Ամուլսարը Հայաստանում միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որը նախագծվել եւ կառավարվում է ՎԶԵԲ-ի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի  բնապահպանական եւ սոցիալական ստանդարտներին եւ պահանջներին համապատասխան:

Հարկ եմ համարում նշել, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը աննախադեպ է Հայաստանում՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ ծավալով: Սկսած 2008 թվականից Լիդիանը բնապահպանական հետազոտությունների վրա ծախսել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներգրավելով հեղինակավոր միջազգային եւ տեղական կազմակերպությունների, ինչպիսիք են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը, Global Resource Engineering-ը: Ծրագիրը նախագծվել եւ կառուցվում է այնպես, որպեսզի բոլոր հնարավոր ազդեցությունները կանխարգելվեն կամ մեղմացվեն: Նույնիսկ Ծրագրի ընդդիմախոսներից շատերն ընդունում են,  որ Ամուլսարը բարձր նշաձող է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում:

Չնայած այս մոտեցմանը, դեռեւս գոյություն ունի որոշակի անվստահություն: Մենք հասկանում ենք, որ այս անվստահության արմատները գալիս են այն բացասական փորձից, որին հասարակությունն ականատես է եղել անպատասխանատու հանքարդյունաբերական ծրագրերի պատճառով: Բայց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հազիվ թե բարելավվի, եթե փաստերի փոխարեն քննադատությունը հիմնված լինի միֆերի եւ մանիպուլյացիաների վրա: Նման մանիպուլյացիաներից եւ միֆերից մեկն այն պնդումն է, թե Ամուլսարի ծրագիրն ազդեցություն կունենա Սեւանա լճի եւ Ջերմուկի ջրերի վրա՝ հավանական թթվային դրենաժի (ԹԱԴ) պատճառով:  

Նախ պետք է նշեմ, որ Ջերմուկի եւ Ամուլսարի ծրագրի ստորգետնյա ջրային համակարգերի միջեւ հիդրավլիկ կապ չկա եւ Ջերմուկի ջրերն առանձին են Ամուլսարի ստորգետնյա ջրային համակարգից: Այս փաստը ապացուցվել է 2013 եւ վերահաստատվել 2018 թվականներին Golder Associates-ի կողմից իրականացված իզոտոպային անալիզներով եւ երկու տարբեր եվրոպական անկախ լաբորատորիաների կողմից իրականացրած հետազոտություններով: Ամուլսարի ծրագիրը չի կարող ազդել Ջերմուկի ջրերի վրա նույնիսկ տեսականորեն: Բայց սա ջրերի վրա ազդեցության բացակայության միակ երաշխիքը չէ: Ամուլսարում ցանկացած ջրային համակարգ պաշտպանվելու է ժամանակակից միջոցառումներով, ինչպիսիք են պաշտպանիչ շերտերը, ջրահեռացման եւ ջրի մաքրման համակարգերը: Նույնը վերաբերվում է նաեւ Ամուլսարից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սեւանա լճին: Բոլոր ապացույցներն առկա են, որ Ամուլսարը չի կարող ազդել Սեւանա լճի վրա, նույնիսկ՝ տեսականորեն: Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության գնահատումը հասանելի է ընկերության կայքում եւ յուրաքանչյուր ոք կարող է տեսնել բոլոր մոդելները եւ հաշվարկները, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ տեսականորեն որեւէ արտահոսք չի կարող ազդել Սեւանա լճի եւ/կամ Ջերմուկի ջրերի վրա:  
   
Հատկանշական է, որ ԹԱԴ-ը բնական երեւույթ է եւ հայտնի խնդիր է ոսկու, արծաթի կամ պղնձի հանքերում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում: Որքանով, որ մենք տեղյակ ենք, Ամուլսարի ծրագիրը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որը նախատեսել է ԹԱԴ-ի կանխարգելման միջոցառումներ, որոնք ներկայացված են ՇՄԱԳ-ում: Սա չնայած այն փաստին, որ այլ, այդ թվում՝ հայաստայան հանքերի համեմատ,  Ամուլսարում ԹԱԴ-ի առաջացման պոտենցիալը բավականին ցածր է: Սակայն հենց Լիդիանն էր, որ առաջինը բացահայտեց հանքարդյունաբերության մեջ ԹԱԴ-ի խնդիրը հայ հասարակության համար՝ 2014 թվականին հանրայնացնելով ԹԱԴ-ի ռիսկի գնահատման եւ մեղմացման միջոցառումներն իր փաստաթղթերում: Մեզ հայտնի չէ որեւէ հրապարակային ապացույց, որ մինչ Լիդիանի կողմից ԹԱԴ-ի խնդրի հրապարակային քննարկումը, հայաստանյան ակտիվիստները այս խնդրի մասին խոսել են: Հայ բնապահպանները կարող էին օգտվել Լիդիանի կողմից այս ռիսկի կանխարգելման ու վերահսկման աշխարհի ժամանակակից հանքերում կիրառվող մեթոդների հրապարակումից: Փոխարենը, որոշ քննադատներ այս ինֆորմացիան օգտագործեցին ճշմարտությունը մանիպուլյացիայի ենթարկելու եւ այն Լիդիանի դեմ օգտագործելու համար: Նման մոտեցումը հազիվ թե լուծի բնապահպանական խնդիրները: Լիդիանի չաշխատելով, կխոչընդոտվի նաեւ ժամանակակից միջոցառումների ներդրումը եւ Հայաստանը կարող է մնալ հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական բազմաթիվ չլուծված խնդիրներով:

Հայաստանում հանքարդյունաբերությունը գոյություն ունի հարյուրավոր տարիներ: Հանքերը շահագործվում են այսօր, կշահագործվեն նաեւ վաղը: Այսպիսի ներդրումային ծրագրի գոյությունը, որը բերում է նոր բնապահպանական ստանդարտներ, կարող է բարձրացնել բնապահպանական կառավարման նշաձողը: Չնայած այս պարզ իրողությանը, հե՛նց Լիդիանն է, որ ավելի քան 10 ամիս ապօրինաբար զրկված է աշխատելու իր իրավունքից, հե՛նց Ամուլսարի ճանապարհներն են ապօրինաբար շրջափակված: Այս իրավիճակը ոչ միայն վնասում է Հայաստանի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին, ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի եւ անուղղակի շահառուների վրա, այլ նաեւ արդեն իսկ շրջակա համայնքներից մոտ 400  մարդու արտագաղթի պատճառ է դարձել:
 
Մենք վստահ ենք, որ նրանք, ովքեր ժամանակ, ջանքեր եւ ռեսուրսներ են ծախսում՝ խոչընդոտելով Լիդիանին իրականացնել Ամուլսարի ծրագիրը, մտածված կամ չգիտակցված խոչընդոտում են Հայաստանում այնպիսի հանքարդյունաբերական ծրագրի իրականացմանը, որը նոր բնապահպանական ստանդարտներ կսահմանի հանքարդյունաբերության ոլորտում:
    
Թե՛ մենք՝ Լիդիանի աշխատակիցներս, թե՛ Հայաստանում բնապահպանական ոլորտի շատ գիտնականներ վստահ ենք, որ Ամուլսարի ծրագիրը կարեւոր դերակատատրություն է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման մեջ եւ սահմանելու է նոր ստանդարտներ բնապահպանական եւ սոցիալական կառավարման ոլորտներում: Ուստի որպես այս ոլորտի մասնագետ եւ Հայաստանի քաղաքացի հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի եւ օրենքը կգործի: Դա Հայաստանի համար միակ շահավետ լուծումն է:

Ամուլսարի ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման եւ Կառավարության կողմից ձեռնարկված մի շարք ստուգումների հետ կապված Լիդիանը 2019թ. մարտի 11-ին պաշտոնապես ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի կառավարության հետ գոյություն ունեցող անհամաձայնությունների մասին: Արդյոք Լիդիանը կսկսի արբիտրաժային բուն  գործընթացը կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան եւ միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում:
Դիտում՝ 9282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW