BSC-ն 25 տարեկան է

20.05.2019 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#BSC #Սամվել Գեւորգյան
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) մայիսի 17-ին նշել է Հայաստանում բիզնեսի աջակցման, կառավարման խորհրդատվական եւ բիզնես ուսուցման ոլորտում գործունեության 25-ամյակը:  

«Մենք Հայաստանում ձգտում ենք ստեղծելու դինամիկ եւ կարծրատիպերից զերծ բիզնես միջավայր՝ ոգեշնչված նորարարությամբ եւ անսպառ ձեռնարկատիրական ոգով»,- ասել է ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ ներկայացնելով կենտրոնի 25 տարվա պատմությունը, ներկա ծրագրերը, ինչպես նաեւ Հայաստանում բիզնեսի զարգացման միտումներն ու հեռանկարները:

Նա ընդգծել է, որ հիմնադրման պահից՝ 1994 թվականից սկսած, BSC-ն իրականացրել է բուռն եւ ակտիվ գործունեություն՝ տրամադրելով բիզնեսի կառավարման խորհրդատվություն Հայաստանի բոլոր մարզերի սկսնակ ձեռներեցներին եւ գործող փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկություններին:

«BSC-ն կենտրոնացել է նաեւ ոլորտային զարգացման վրա, որոնցից են տուրիզմը, առաջատար տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, սննդի վերամշակումը, թեթեւ արդյունաբերությունը եւ Հայաստանի համար կարեւորագույն այլ ոլորտներ»,- հավելել է Սամվել Գեւորգյանը:

BSC-ի հիմնադիր տնօրենը տեղեկացրել է, որ կենտրոնի փորձագետները գործնական այցերով եղել են Հայաստանի 880-ից ավելի համայնքներում՝ տնտեսական ակտիվությանը նպաստող եւ խթանող ծրագրերի իրականացման շրջանակում՝ անցնելով 500 000 կմ ճանապարհ։


Ընկերության փորձագետները 25 տարվա ընթացքում մշակել են 1100 բիզնես պլան, 1000-ից ավելի ներդրումային նախագիծ, իրականացրել 120 ոլորտային հետազոտություն, հրատարակել բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման եւ զարգացման վերաբերյալ 15 գիրք: BSC-ի բիզնես ուսուցողական դասընթացներին մասնակցել է ավելի քան 18 000 սկսնակ եւ գործող ձեռներեց:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ի գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը շեշտադրել է Հայաստանում մասնավոր բիզնեսի զարգացման գործում ներդրումներ ներգրավելու գործում BSC-ի ակտիվ գործունեությունը։

«Արեգակ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը՝ որպես երկարամյա գործընկեր, աշխատելով BSC-ի հետ դեռ 1999-ից, ընկերությունը որակել է որպես կայուն որակյալ ծառայություններ մատուցող կենտրոն՝ կոնկրետ ձեռնարկության խնդիրները լուծելու առումով։


BSC-ն 9 տարբեր միությունների անդամ է, որոնցից մեկի՝ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է, որ BSC-ն Հայաստանի մասնավոր հատվածում շարունակական դրական փոփոխություններ նախաձեռնող կազմակերպություն է։

«BSC-ն շարունակում է աջակցել Հայաստանի առաջատար ընկերություններին, ՓՄՁ-ներին, առաջարկում լուծումներ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ իր գործունեությամբ նպաստելով Հայաստանի բոլոր մարզերի եւ ոլորտների շարունակական զարգացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման մշակույթի ներդրմանն ու ամրապնդմանը:


BSC-ն անցնում է գլոբալ կարգավիճակի` աշխարհագրական, հնարավորությունների եւ լուծումների առումով` հայկական բիզնեսի մրցունակությունը համաշխարհային բիզնես հարթակներում բարձրացնելու նպատակով:

BSC-ն, անցնելով իր պատմության հաջորդ 25 տարվա գործունեությանը, դառնում է բիզնեսի բոլոր խնդիրները լուծող, բիզնեսի համար լայն հնարավորություններ ստեղծող եւ հայկական յուրաքանչյուր բիզնեսի ապագան կերտող ընկերություն»,- ամփոփել է Սամվել Գեւորգյանը։
Դիտում՝ 2330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW