Կոնվերս Բանկը միացել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրին: Այս մասին հայտարարվել է ՀԲԸՄ հիմնադրման 113-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված տոնավաճառի ժամանակ:Տոնավաճառում ներկայացված էր «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների արտադրանքը՝ սնունդ, հուշանվերներ, հագուստ, աքսեսուարներ, խեցեղեն, ձեռագործ խաղալիքներ եւ այլն:«Կոնվերս Բանկի ներկայությունը շատ ոգեւորիչ է: Մենք մեծապես քաջալերված եւ ոգեշնչված ենք մեր գործընկերությունից եւ համոզված ենք, որ այն շատ արդյունավետ եւ արգասաբեր է լինելու»,- ներկայացնելով ծրագրի նոր գործընկերոջը՝ ասել է ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը: Նշվել է, որ ծրագրի շրջանակում առաջիկայում Արցախում դասընթացների կազմակերպումը հնարավոր է դարձել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ:«Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ի եւ Կոնվերս Բանկի համագործակցությունն ընթանալու է մի քանի ուղղությամբ:«Կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսին աջակցությունը, նրանց համար պրոդուկտների մշակումն ու գործարկումը մշտապես եղել է բանկի ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ համագործակցության շրջանակում մենք ոչ միայն պատրաստ ենք մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկել բանկային ծառայությունների համալիր փաթեթ՝ արտոնյալ պայմաններով, այլեւ խորհրդատվություն բիզնեսի կայացման եւ զարգացման ողջ ընթացքում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նաեւ դառնալ կամուրջ արտադրող կանանց եւ առեւտրի, սպասարկման, ծառայությունների ոլորտում մեր գործընկերների միջեւ՝ նպաստելով նրանց արտադրանքի իրացմանը»,- ասել է Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Նահապետյանը:Տոնավաճառի շրջանակում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները ցանկացողներին նվիրել են Womans քարտեր, ինչպես նաեւ պատասխանել են բանկի հետ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցերի: Tweet Դիտում՝ 10825