Հարկային եկամուտների աճի հիմքում սահմանափակ թվով ոլորտներ են

15.05.2019 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իր հերթական հետազոտությունն է կատարել, որի շրջանակում անդրադարձել է 2019-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի) կատարողականին:  

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) 2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 59,80 մլրդ դրամով կամ 24,3%-ով՝ կազմելով 299,65 մլրդ դրամ: Բոլոր հիմնական հարկատեսակների եւ տուրքերի գծով աճ է գրանցվել դիտարկվող ժամանակահատվածում:

2019-ի առաջին եռամսյակում շահութահարկի գծով 137,3% աճ է գրանցվել 2018-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, որի արդյունքում բյուջե է հավաքագրվել շուրջ 72,1 մլրդ դրամ, որից միայն մարտին՝ 71,3 մլրդ դրամ, որը որոշակիորեն կարող է պայմանավորված լինել տարեկան ցուցանիշների ճշգրտմամբ, որի արդյունքում ավելացել է բյուջե փոխանցվող շահութահարկը:

Այսպիսի աճի պատճառ կարող է հանդիսանալ միայն տնտեսության բավականին բարձր տեմպերի հասնող աշխուժացումը, որն իր հերթին կարող է պայմանավորված լինել ներքոնշվածներից որեւէ մեկով՝

-    տնտեսության գրեթե բոլոր ոլորտները աճ են արձանագրում,
-    կամ էլ աճը պայմանավորված է շատ բարձր աճի տեմպեր գրանցող որոշակի ոլորտների հաշվին, որը եղավ Հայաստանի պարագայում:


«Մտահոգիչ է, որ ՀՀ պարագայում աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության սահմանափակ քանակությամբ ոլորտների աճով, որտեղ ամենաբարձր աճն արձանագրել է շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը (40,9% աճ 2019-ի առաջին եռամսյակում): Դրան հաջորդել է հանրային սննդի կազմակերպումը (29,8% աճ), ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը (20,3%) եւ այլ:

Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաեւ ակցիզային, եկամտային հարկի եւ ԱԱՀ-ի կտրվածքով: Ակցիզային հարկի պարագայում դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ի հունվարի 1-ից ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում է տեղի ունեցել»,- նշել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:

Եկամտային հարկի պարագայում 2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 50,7% աճ է արձանագրվել՝ կազմելով 126,6 մլրդ դրամ: 2019-ի հունվար-փետրվարի համեմատ մարտ ամսին որպես եկամտային հարկ հավաքագրվել է  61,55 մլրդ դրամ՝ 94,6%-ով ավելի, քան 2019-ի առաջին երկու ամիսներին:

ԱԱՀ-ի պարագայում, 2019-ի առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 37,3% աճ է գրանցվել: ԱԱՀ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել առեւտրի շրջանառության աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, որոնք ավելի մեծ թափանցիկություն են ապահովում:

Մյուս կողմից՝ մտահոգիչ է ԱԱՀ-ի տեսակարար կշիռը հարկային եկամուտների (ներառյալ տուրքերը) մեջ՝ 47,46%, ինչը նշանակում է, որ տնտեսական աճը հիմնականում խթանում է սպառման մակարդակը: Նշված ժամանակահատվածում իրականացվել է մեծ չափերի է հասնող հարկերի անցումային գերավճարների վերադարձ:

«Այսպիսով՝ հարկային եկամուտների աճ է արձանագրվել, որը պայմանավորված է եղել վարչարարությամբ, ակցիզային հարկերի բարձրացմամբ եւ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման պահանջով: Տնտեսական աճը, որը հիմնականում ապահովել է չարտահանվող հատվածը, խթանել է սպառման մակարդակի աճին, ինչ էլ իր հերթին հանգեցրել է հավաքագրվող հարկային եկամուտների աճին:

Սակայն,  անհնար է թվարկել այն տնտեսական գործոնները, որոնք 2019-ի առաջին եռամսյակում կարող էին նպաստել շահութահարկի գծով արձանագրված այսպիսի բարձր աճի տեմպին: Նաեւ հարց է ծագում, թե ուր է անհետացել բյուջեի հաստատագրված վճարների տողը բյուջեի եկամտային մասի կառուցվածքից, երբ 2019-ի հունվար-փետրվար ամիսների վերաբերյալ ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից հրապարակված տվյալների համաձայն բյուջե էր հավաքագրվել 22,2 մլն դրամ: Ուստի, ՎԿ-ի ներկայացրած ցուցանիշները, մեղմ ասած, արժանահավատ չեն»,- ամփոփել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:    
Դիտում՝ 2001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW