Շուշիում մայիսի 4-ին կայացել է պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը:Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում:Բանկում նշել են, որ արարողությանը ներկա են գտնվել Արցախի պետական եւ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր:«Առողջ ապրելակերպի խրախուսման այս ձեւաչափը մեծ տարածում ունի ողջ աշխարհում՝ մարդկանց հնարավորություն տալով իրենց առողջության մասին հոգալ բաց տարածքում օրվա ցանկացած ժամի: Հայաստանում եւ Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների մշակույթը համեմատաբար նոր երեւույթ է: Հուսով ենք, որ առաջիկայում մարզահրապարակը կդառնա Շուշիի քաղաքային կյանքի, բնակչության առօրյայի մի մասը»,- ասել է Կովերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ նման պրոֆեսիոնալ եւս 4 մարզահրապարակ է կառուցվում Հայաստանում:Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում իրականացված այս նախագիծը բանկի գլխավոր գործադիր տնօրենը կարեւորել է նաեւ մասնավոր հատված-համայնք համագործակցության տեսանկյունից:«Մենք՝ որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ, պատասխանատու ենք համարում նաեւ համայնքների զարգացման հարցում, ինչի վկայությունն է այս նախագծի իրականացումը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում մարզահրապարակի պահպանման եւ շահագործման հարցերը կհոգան Կոնվերս Բանկը եւ Street Workout թիմը, այնուհետեւ մարզահրապարակը տնօրինման կհանձնվի քաղաքային իշխանություններին»,- եզրափակել է Արթուր Հակոբյանը: Մարզահրապարակի բացման արարողությանը հաջորդել են Street Workout-ի Արցախի թիմի եւ Street Workout Հայաստանի հավաքականի ցուցադրական ելույթները, ինչպես նաեւ մասնակից ատլետների պարգեւատրման արարողությունը: Tweet Դիտում՝ 15624