Ապրիլի 27-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Ձեռնարկատիրության զարգացման տոնավաճառը, որտեղ երիտասարդ ձեռնարկատերերը հանդիպել են փորձագետների եւ գործարարների հետ՝ քննարկելու իրենց բիզնես գաղափարներն ու զարգացման առկա հնարավորությունները։ Միջոցառման սկզբում երիտասարդ ձեռնարկատերերին ողջունել է FAST հիմնադրամի ինովացիաների գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը եւ մի քանի խորհուրդ տվել՝ ներկայացնելով իր անձնական փորձը։ Banks.am-ը ներկա է եղել դասախոսությանն ու առանձնացրել որոշ ուշագրավ մտքեր։«Ինքնակոչի համախտանիշ»Ինքնակոչի համախտանիշ (Impostor syndrome, մարդը կարծում է, որ արժանի չէ այն հաջողությանը, որին հասել է – խմբ.) ունի հասարակության բավականին ստվար զանգված, սակայն մարդկանց մեծ մասը դա չի գիտակցում։ Այն մեծ ազդեցություն ունի հատկապես կանանց վրա, որովհետեւ կանայք սոցիալապես միտված են հավատալու, որ իրենք հավասար չեն իրենց պաշտոնակից տղամարդկանց։ Նրանք սոցիալապես միտված են հավատալու, որ չպետք է կատարեն որոշ աշխատանքներ։ Տղամարդ գործընկերների հետ մրցակցելիս կանանց մոտ առաջանում է ներքին զգացում, որ իրենք չպետք է այդտեղ լինեն, իրենք բավարար լավը չեն։ Ահա սա ինքնակոչի համախտանիշի օրինակ է։ Այդ զգացումն ունենալը միանգամայն բնական է, եւ հենց դա է եղել իմ կյանքում հաջողության հասնելու մղիչ ուժը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Անդադար ռիսկի դիմելԴու չես կարող գտնել համաշխարհային մարտահրավերների լուծումներն այնքան ժամանակ, քանի դեռ ռիսկի դիմելու որոշում չես կայացրել։ Եթե քո ստարտափի գաղափարի թիրախային խումբը սահմանափակվում է միայն Հայաստանով կամ քո գյուղով, հնարավոր է, որ դու պետք է ռիսկի դիմես եւ ստեղծես ավելի համընդհանուր ծրագիր, որը կլուծի համընդհանուր խնդիրներ։ Կյանքը հենց այս պահն էՇատ բարդ է սովորեցնել երեխային, որ նրա կյանքը հենց հիման է։ Մենք հաճախ կարծում ենք, որ եթե երիտասարդ ենք, ապա շատ ժամանակ ունենք։ Ապրե՛ք ձեր կյանքը հիմա, կայացրե՛ք ձեր որոշումները հիմա, դիմե՛ք ռիսկի հիմա, որովհետեւ ձեր կյանքի մեկնարկն արդեն տրված է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Կապերի ու մարդկային հարաբերությունների մասինԲիզնես սկսելու, ստարտափ հիմնելու կամ գործարար դառնալու կարեւոր մաս են կազմում կապերը։ Պետք է արժեւորել դրանք ավելի շատ, քան որեւէ այլ բան, որովհետեւ մարդկային հարաբերությունները դառնալու են ամենաամուր հիմքերը ձեր ստարտափի ճանապարհին։ Դուք երբեք չեք կարող միայնակ բիզնես հիմնել։ Ձախողումը կարեւոր էՁախողումը լավ չէ, այն հրաշալի է։ Անհաջողությունն է, որ ստիպում է մեզ դառնալ ավելի լավը։ Դա հնարավորություն է դասեր սերտելու՝ ցավոտ ձեւով, որի համար լավագույն ժամանակահատվածը երիտասարդությունն է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հաճույքը թերագնահատվում է Իրական մարտահրավեր է այն, որ մենք հաճույք չենք ստանում մեր աշխատանքից։ Եթե այն մեզ հաճույք չի պատճառում, ուրեմն չարժե շարունակել։ Մի՛շտ համոզված եղեք, որ ստարտափի, գործարարության գործընթացը ձեզ հաճույք է պատճառում։ Ծառայողից՝ առաջնորդՉկա ավելի կարեւոր արժեք առաջնորդության մեջ, քան հասկանալը՝ ինչ է նշանակում նախ եւ առաջ ծառայել։ Դու չես կարող լինել առաջնորդ, եթե երբեւէ քեզ չեն առաջնորդել։ Դու չես կարող լինել առաջնորդ, եթե երբեւէ ինքդ չես կատարել այն առաջադրանքները, որ ակնկալում ես մարդկանցից, որոնց առաջնորդում ես։Գրի է առել Գայանե Ենոքյանը Tweet Դիտում՝ 1877