«Լիդիան Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ:«2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը եւ դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետեւանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին «Լիդիանը» դիմել էր ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ Ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին դատարանը բավարարել էր Լիդիանի դիմումը՝ արձանագրելով, որ Ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով առերեւույթ իրավախախտումները: Ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու մասին Վայոց Ձորի դատախազության դիմումը՝ ուժի մեջ թողնելով դատարանի որոշումը: Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այն ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան չդիմելու կամ դատարանի կողմից բողոքը մերժելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կմնա ուժի մեջ եւ դատախազությունը պարտավոր կլինի քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության եւ ինքնիրավչության հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում:««Լիդիանի» դեմ ուղղված բոլոր անօրինական գործողություններն ու անգործությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների խախտում են: Դատարանների վերջին որոշումները հաստատում են «Լիդիանի» դիրքորոշումը կապված ճանապարհների անօրինական շրջափակման հետ, ինչի հետեւանքով «Լիդիանը» զրկվել է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Հուսով ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ կհետեւեն դատարանի որոշումներին, կհարուցեն քրեական գործը եւ կհատուցեն ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով Լիդիանին պատճառված վնասը: Մենք վստահ ենք, որ օրենքի գերակայության վերականգնումը բխում է ոչ միայն Լիդիանի, նրա բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների եւ հարակից համայնքների, այլ նաեւ Հայաստանի շահերից»,- ասել է «Լիդիանի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն:«Լիդիանը» իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան եւ միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում: Tweet Դիտում՝ 5884