«Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանն այսօր պարզաբանում է տարածել ընկերությանը վերաբերող վերջին դատական որոշման կապակցությամբ: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ. ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլեւ Ամուլսարի ճանապարհները փակած անձանց եւ նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաեւ որպես դրա հետեւանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է: Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաեւ դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է. «Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն եւ այլ անշարժ գույքի տարածք»: Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի եւ համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս: Շարունակեմ մեջբերել դատական ակտից. «Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջիններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ եւս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ «Լիդիանն» իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում եւ ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է եւ համարվում է ներխուժում: Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձեւակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են: Դատարանը նաեւ հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում եւ չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»: «Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի ընկերության հայցը հիմնավոր է եւ ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է: Ամեն ինչ առավել քան պարզ եւ հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի եւ բավարարել է «Լիդիանի» հայցը: «Լիդիանի» հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը «Լիդիանին» պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաեւ շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու եւ այդ տարածքում անարգել աշխատելու մասին է: Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում եւ ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»: Tweet Դիտում՝ 1420