Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրել է կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երեւանում: ԿԲ-ում նշել են, որ հայաստանյան բանկերի ղեկավարները, որոնք հավաքվել էին մեկ հարկի տակ, քննարկել են բանկային հատվածի դերը՝ միկրո եւ փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) ֆինանսական ծառայություններ մատուցելիս առավելագույն կայունություն եւ ազդեցություն ապահովելու համար: Միջոցառումը, որի մոդերատորը Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեն էր, ազգային եւ միջազգային փորձագիտական շրջանակներին հրավիրել էր ուսումնասիրելու ՄՓՁ ֆինանսավորման ոլորտում գրանցված վերջին զարգացումները եւ իրենց մտորումները փոխանցելու բանկային հատվածի ներկայացուցիչներին: Հատուկ ուշադրության առարկա էր տեղական արժույթով վարկավորման կարեւորությունը. մասնակիցները քննարկեցին տեղական արժույթի ֆինանսավորմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիները եւ մտքեր փոխանակեցին հայ գործարարների համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու եւ խորացնելու վերաբերյալ: «Հայաստանում գրանցված ձեռնարկությունների շուրջ 95%-ը միկրո եւ փոքր ձեռնարկություններ են: Սա նշանակում է, որ ձեռնարկատերերը ոչ միայն երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, այլեւ զբաղվածության ապահովման կարեւորագույն աղբյուր: Որպես Արեւելյան Հարեւանության տարածաշրջանում ՄՓՁ ֆինանսավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը սատարող կառույց՝ ՀԵԵՀ-ը մեծ գոհունակությամբ լծվում է Հայաստանում այս կարեւոր հատվածի կայուն աջակցության համար բարենպաստ միջավայր ձեւավորելու աշխատանքներին»,- ասել է ՀԵԵՀ-ի Վարչության նախագահ Քրիստոֆ Տիսկենսը:«Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկեր վարկային կազմակերպություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ կարող ենք նշել, որ նմանօրինակ ծրագրերի միջոցով ստացված արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ընդլայնում»,- հավելել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Tweet Դիտում՝ 1939