Վարչապետ. Գազալցակայաններում թանկացումների մասին լուրերը մանիպուլյացիա են

04.04.2019 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #գազալցակայան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ «գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»:

«Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի Հայաստանում որեւէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի այդպիսի գազալցակայան ուղղակի: Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, եւ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք»,- ասել է վարչապետը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին:


Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությանը, թե ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ասել է.

«Որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ-Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետեւաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետեւաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում եւ ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել»:

Վարչապետը Արմեն Կոտոլյանին եւ Դավիթ Անանյանի հանձնարարել է 1-2 օրվա ընթացքում զեկուցել կոնկրետ պատճառների եւ արձանագրված արդյունքների մասին:
Դիտում՝ 2490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW