ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տեւած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի՝ առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը եւ մրցունակությունը։ «Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարեւոր է հատկապես գիտության, նորարարության եւ տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի եւ զարգացման հիմնարար բաղադրիչները»,- ասել է փոխվարչապետը «Տնտեսության եւ քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային գիտաժողովի բացմանը: 01.04.2019 | 13:12 Ամերիաբանկի աջակցությամբ միջազգային տնտեսական գիտաժողով է մեկնարկել «Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող եւ միջազգային շուկային կապված ծրագրավորման եւ ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները եւ նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում»,- հավելել է Տիգրան Ավինյանը:Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու այդ ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը եւ նորարարության զարգացումը: Այս նպատակին հասնելու գործում Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը: Սա կարեւոր է, քանզի արդյունաբերական չորրորդ հեղափոխության ժամանակ առաջնային են ոչ այնքան պետության ֆինանսական կամ բնական ռեսուրսները, որքան մարդու ստեղծարարությունը, տաղանդն ու աշխատասիրությունը եւ դրանք առարկայացնելու կարողությունը:Տիգրան Ավինյանը կարծիք է հայտնել, որ նախանշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ եւ գիտելիքահենք մոտեցում հանրային քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում։ Տվյալների հասանելիության մեծացումը եւ շտեմարանների ստեղծումը, դրանց փոխգործելիության ապահովումը հնարավորություն կտան ինչպես պետությանը, այնպես էլ մասնավորին իր քաղաքականությունները կառուցել բացառապես փաստերի եւ տվյալների վերլուծության վրա:Տիգրան Ավինյանը հավելել է, որ նոր գործիքների կողմից ընձեռնվող հնարավորություններն օգտագործելու համար կառավարությանն անհրաժեշտ է մասնագիտական համայնքի աջակցությունը՝ հանրային քաղաքականությունը տեղափոխելու տեղեկացված երկխոսության տիրույթ: Tweet Դիտում՝ 1348