Հայաստանում երիտասարդների 41%-ը գործազուրկ է

28.03.2019 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վորլդ Վիժն #Սեյվ դը չիլդրեն
Հայաստանի երիտասարդության 41%-ը տնտեսապես ոչ ակտիվ է եւ դրա կեսից ավելին (մոտ 54%-ը) բարձրագույն կրթությամբ երիտասարդներ են:

Այս մասին են վկայում «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի աշխատաշուկայի վերաբերյալ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության եւ Վորլդ Վիժն Հայաստանի իրականացրած հետազոտությունների արդյունքները:

Ըստ հետազոտությունների՝ զբաղվածության աջակցության պետական ծրագրերից օգտվում են միայն աշխատանք փնտրող երիտասարդների 4%-ը, իսկ ոչ պետական ծրագրերից` 5%-ը։ Հարցմանը մասնակցած ներկայիս բոլոր ուսանողների 13,9%-ը եւ զբաղվածություն ունեցող բոլոր երիտասարդ հարցվողների 18,1%-ը նշում են, որ իրենց առհասարակ չի տրվել որեւէ համընդհանուր հմտություն՝ ներառյալ բանակցելու, հաղորդակցության, վերլուծական, առաջնորդության եւ այլ համընդհանուր գործնական հմտությունները։

Թեպետ ՏՏ եւ տուրիզմի ոլորտները Հայաստանի տնտեսության համար համարվում են զարգացող ոլորտներ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայիս կրթական ծրագրերը չեն համապատասխանում ՏՏ եւ տուրիզմի ոլորտների պահանջներին. շրջանավարտների գործնական հմտությունները եւ տեսական գիտելիքները միջինից ցածր են գնահատվում գործատուների կողմից։

ԿԳՆ Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն ասել է, որ այս հետազոտություններն արդեն ներկայացվել են ԿԳ նախարարին՝ հետագա քննարկումների համար:

«Առաջարկում եմ զեկույցը ներկայացնել նաեւ ՀՀ կառավարությանը, քանի որ զեկույցի եզրակացություններից բխող հանձնարարականներ կարող են տրվել համապատասխան գերատեսչություններին»,- հավելել է նա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան էլ նշել է, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ երիտասարդության կարիքները Հայաստանում:

Ուսումնասիրությունները նաեւ հատկանշական տվյալներ են դուրս բերել գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ. պարզվում է՝ գյուղատնտեսության ոլորտն այնքան էլ գրավիչ չէ երիտասարդների համար, եւ չնայած դրան, գյուղատնտեսությունն այժմ այն եզակի ոլորտն է, որտեղ գյուղական համայնքներում ապրող երիտասարդները կարող են աշխատանք փնտրել: Սակայն այստեղ էլ, երիտասարդները կարիք ունեն մասնագիտացման, որպեսզի կարողանան մրցունակ լինել ոլորտում:

«Մի կողմից, մենք ունենք գյուղատնտեսության ոլորտը, որտեղ կարիք կա որակավորված մասնագետի, իսկ մյուս կողմից մենք ունենք երիտասարդներ, որ ապրում են գյուղական համայնքում եւ աշխատանք են փնտրում: Ահա այստեղ է այն բացը, որ Վորլդ Վիժն Հայաստանը փորձում է լրացնել իրականացվող ծրագրի շրջանակներում»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր էդիլյանը:

Հետազոտությունները հասանելի են հետեւյալ հղումներով՝

Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն եւ գենդերազգայուն հետազոտություն («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն)

Երիտասարդների գործազրկության վերաբերյալ հետազոտություն

Գյուղատնտեսության ոլորտում պահանջվող հմտությունների եւ երիտասարդների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտություն (Վորլդ Վիժն Հայաստան)
Դիտում՝ 8071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW