ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: ԿԲ-ում նշել են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) եւ «Երախտապարտություն» երկլեզու մակագրությունը: Դարձերեսին Գ. Գյուլբենկյանի դիմանկարն է ու ստորագրությունը: Ոսկե հուշադրամի անվանական արժեքը 10 000 դրամ է: Քաշը 8,6 գ է, տրամագիծը՝ 22 մմ:Տպաքանակը 1000 հատ է:Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) եւ Վարդան Վարդանյանը (դարձերես):Հատվել է Լիտվայի դրամահատարանում:Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:***Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է եւ բարեգործ: Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր եւ նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները եւ զբաղվել նավթի արտահանմամբ: 1930թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ:Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին եւ հոգեւոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին եւ ուսանողներին: Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների եւ արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում: Tweet Դիտում՝ 2660