Երեւանի 2019-ի բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. բյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Քաղաքապետարանում նշել են, որ փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են: «Նախատեսված 8 մլրդ-ի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար օրհասական անհրաժեշտություն են: Նշեմ, որ եւս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին հաստատված բյուջեում: Արդյունքում, մենք 2019-ին քաղաքի հոգսերին կուղղենք 10 մլրդ-ով ավելի միջոցներ, քան 2018-ին»,- ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:Մանկապարտեզներ Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին: Բյուջեի փոփոխությամբ՝ շուրջ 20%-ով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի եւս 400 մլն դրամի ծախս: Փողոցներ Քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաեւ փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները: Ամբողջական նորոգման եւ լուսավորության համար նախատեսվել է 500 մլն դրամ՝ նախորդ տարվա 0 դրամի համեմատ: Զբոսայգիներ Երեւանում հանգստի գոտիներ եւ զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է եւս 340 մլն դրամ.«110 մլն ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 մլն դրամով էլ կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկինի 20 մլն-ի փոխարեն»: Երեւանի գլխավոր հատակագիծԵրեւանի քաղաքապետարանը մտադիր է այս տարի սկսել նաեւ Երեւանի գլխավոր հատակագծի մշակումը: Այն հնարավորություն կտա գույքագրելու ամբողջ հողային եւ գույքային ֆոնդը:Շուրջ 190 մլն էլ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը՝ այդ կերպ պահպանելով նաեւ քաղաքի պատմությունը: Նախագիծ-նախահաշիվներՔաղաքային բյուջեից 170 մլն դրամ կտրամադրվի շինարարական տարբեր աշխատանքների նախագիծ-նախահաշիվներին.«Սրա մեջ մտնում է նաեւ մետրոյի նոր կայարանի, ճոպանուղու նախագծային աշխատանքների ծախսերը: Աշխատանքն արվելու է ներդրումներով, բայց նախագծերը նախատեսում ենք իրականացնել մենք: Բայց չի բացառվում, որ մասնավորին եւս կարողանանք փոխանցել եւ արդյունքում միջոցները կտնտեսենք»: Վերելակներ Երեւանի քաղաքապետարանը բյուջեի լրամշակված տարբերակում ավելացրել է վերելակների սպասարկման համար նախատեսված գումարի չափը: «Ինչպես գիտեք, այս տարի կրճատվել էր վերելակների ծախսը: Այն դետալներն ու աշխատանքները, որոնց համար նախկինում ծախսվել է 108 մլն դրամ, մենք այդտեղ տեսնում ենք իրական 30 մլն դրամի ծախս: Արդյունքում ունեցանք նվազած բյուջե, չնվազած աշխատանքներ, իսկ այժմ աշխատանքները գրեթե եռապատկում ենք: Դրա հիմքում դնում ենք վերելակների անվտանգության եւ շահագործման նկատմամբ տեխնիկական նոր չափորոշիչներ ու պահանջներ: Այն ամբողջ բյուջեն, որ կավելանա, մենք կտնտեսենք վերապատրաստումների եւ գործուղումների հատկացված ֆոնդից»,- ասել է Հայկ Սարգսյանը: Վթարային շենքեր 105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր:Նուբարաշենի աղբավայր Նախքան Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցումը՝ այս տարի քաղաքապետարանը տարածքը կցանկապատի: Աղբավայր մտնող, դուրս եկող մեքենաները կլվացվեն, անվադողերը՝ կախտահանվեն: Աշխատանքների համար կպահանջվի շուրջ 40 մլն դրամ:ԱռողջապահությունԱռողջապահության ոլորտում 150 մլն դրամ կհատկացվի նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմանը: Նախատեսված են նաեւ վերանորոգում ու հիմնանորոգում: Թափառող կենդանիներ Շուրջ 200 մլն կկազմի թափառող շների կենդանիների վնասազերծման այս տարվա բյուջեն: «Սա բավական լուրջ գումար է, բայց այն մշտական չի լինելու: Հաջորդ տարիներին կլինի միայն աշխատանքների ֆինանսավորումը»:Թատրոններ Համայնքային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի թատրոնների հիմնանորոգմանը: Գրեթե նույնքան գումար էլ կուղղվի մարզադպրոցների վերանորոգմանը: Մշակութային միջոցառումներ125 մլն-ով նվազեցվել են մշակութային միջոցառումների ծախսերը:«Մենք նվազեցրել ենք մշակութային միջոցառումների ծախսերը՝ առանց նվազեցնելու դրանք որակն ու քանակը: Կա գնահատական, որ այդ միջոցառումները իրականացվել են իրականից ավելի բարձր գներով: Այս մասով բյուջեն կկազմի շուրջ 830 մլն դրամ: Ոչ ֆինանսական լեզվով ասած՝ եւս 3 մլրդ տնտեսել ենք: Սակայն տնտեսել ենք ոչ թե աճի տեսքով, այլ նոր ծախսային ուղղությունների մասով: Այսինքն, կծախսվեն իրական հոգսերը հոգալու նպատակով: Այս տարվա բյուջեի ծախսային օպտիմալացման մեջ լուրջ տեղ է զբաղեցնում քաղաքային ենթակայության կառույցների՝ ՓԲԸ-ների գործունեությանն ուղված մեր ծախսերի ծավալները»: ***Հայկ Սարգսյանն ընդգծում է՝ բյուջեի փոփոխություններն ու 10 մլրդ դրամի ավելացումը չի ձեւավորելու բյուջեի պակասուրդ կամ չեն ավելացնելու համայնքի պարտքերը: Ամեն ինչ հաշվարկել են ու պլանավորել: «Փետրվարի դրությամբ ունենք եկամուտների հավաքագրման արդեն շուրջ 20 տոկոսի գերակատարում: Կարեւոր է ընդգծել, որ 2 մլրդ ավելացումը նոր հարկատեսակների ավելացումից չի առաջանում: Գերակշիռ մասն առաջանում է նախկինում չվճարվող ու չհավաքագրվող, բայց սահմանված դրույքաչափով հարկատեսակների կամ ոչ հարկատեսակների հավաքագրման շնորհիվ, վարչական շրջաններում գրանցված, օրինակ, զավթված, բայց չձեւակերպված հողերի օրինականացման արդյունքում»: Tweet Դիտում՝ 1841