Երեւանում բնակարանների շուկայական միջին գներն աճել են
15.03.2019 | 15:11
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Facebook

2018-ին՝ 2017-ի համեմատ, Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն աճել են, եւ աճի տեմպը կազմել է շուրջ 7,1%:

Կենտրոնի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում, որտեղ բնակարանների շուկայական գներն աճել են 18,7%-ով:
Կենտրոնին հաջորդում են Դավթաշենը (11,04%), Արաբկիրը (7,14%) եւ Աջափնյակը (7,11%), իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավանում (2,17%):
2017-2018 թթ. եւս առաջատարը եղել է Կենտրոն վարչական շրջանը, այնուհետեւ՝ Արաբկիրն ու Դավթաշենը:

Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերում բնակարանների առք ու վաճառքին, ապա 2018-ին, նախորդ տարվա համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ առք ու վաճառքի քանակն ավելացել է 15,5%-ով:

Բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ առք ու վաճառքի քանակի աճին նպաստել է նաեւ բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը, մասնավորապես՝ տոկոսադրույքների նվազումը, կանխավճարների տոկոսային շեմի փոփոխությունները, ժամկետների ճկունությունը, ինչպես նաեւ բանկային նոր գործիքակազմի կիրառումը:
Ուշագրավ է, որ 2018-ին, նախորդ տարվա համեմատ, հիփոթեքային վարկի ծավալներն աճել են 22,1%-ով:
Ըստ կենտրոնի եզրահանգման՝ ընդհանուր առմամբ շուկան սկսել է աշխուժանալ 2017-ի երկրորդ եռամսյակից, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հանգուցալուծմամբ:
2018-ի առաջին երեք եռամսյակներում նախորդ տարվա նույն եռամսյակների նկատմամբ, տեւական ժամանակ արձանագրված աշխուժացումից հետո, շուկան որոշակի պասիվացման միտումներ է դրսեւորում:
Թվերը փաստում են, որ 2018-ի 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է շուրջ 1,1% գործարքների կրճատում։
Մյուս կողմից, բնակարանների գների աճի դեպքում կառավարության կողմից վարկերի ավելի մեծ չափերի հասնող տոկոսների սուբսիդավորումը կամ այլ լրացուցիչ մեխանիզմների մշակումը կարող է մեղմել գների աճը եւ նոր պահանջարկ ձեւավորել հասարակության մեջ՝ խթանելով շինարարության ոլորտի աճը:
Շուկայի աշխուժացմանը միտված քայլ կարելի է դիտարկել նաեւ 2018-ի սեպտեմբերի 14-ին «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում ՀՀ կառավարության կատարած փոփոխությունները, որոնց համաձայն՝ մեղմվել է կանխավճարի վճարման շեմը՝ 30%-ից նվազելով 20%:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: