ԱՄՀ-ն «Սթենդ-բայ» ծրագրով Հայաստանին $250 մլն կտրամադրի

27.02.2019 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Հոսեյն Սամիե
Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը եւ Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով պայմանավորվածություն են ձեռք բերել $250 մլն գումարով կանխազգուշական «Սթենդ-բայ» ծրագրի շուրջ՝ նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին օժանդակելու եւ արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողունակությունն ամրապնդելու համար:

Այս մասին հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին՝ փետրվարի 12-26-ը Երեւան կատարած այցի արդյունքներով:

Banks.am-ն առանձնացրել է Հոսեյն Սամիեի հայտարարության կարեւոր կետերը:

Կուռ տնտեսական կատարողական

Առաջնորդվելով մակրոտնտեսական առողջ քաղաքականություններով՝ Հայաստանն ունեցել է կուռ տնտեսական կատարողական: 2018թ. աճը չափավորվել է որոշակիորեն ավելի կայուն մակարդակում՝ մասամբ արտացոլելով առեւտրային գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղումը: Հարկաբյուջետային կոնսոլիդացումը պահպանել է նախատեսված հունը, որին օժանդակել է հարկային վարչարարության ամուր ջանքը, եւ պետական պարտքի տոկոսը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է:


Դրամավարկային եւ ֆինանսական կայուն պայմանները պահպանվել են, ընդ որում՝ 2019թ. հունվարին ՍԳԻ գնաճը 1 տոկոսից ցածր էր եւ փոխարժեքի վրա ճնշումը՝ սահմանափակ:

Բանկային հատվածը լավ կապիտալացված է

Բանկային հատվածը լավ կապիտալացված է եւ վարկավորման աճը օժանդակել է տնտեսական աշխուժությանը: Կառուցվածքային մասով՝ 2018թ. հուլիսին կենսաթոշակային բարեփոխումն ուժի մեջ մտավ, հարկաբյուջետային արդիականացված կանոնը գործարկվել է եւ նախապատրաստվում է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ գործընկերության (ՊՄԳ) մասին օրենք:

Աճ՝ 4-5%-ի միջակայքում

Ապագայի մասին խոսելով՝ 2019թ. ակնկալվում է աճի չափավորում 4½ տոկոսի շուրջը՝ արտացոլելով համաշխարհային ավելի թույլ միջավայրն ու պղնձի գները, միջնաժամկետ հատվածում պահպանվելով 4-5%-ի միջակայքում: ՍԳԻ գնաճը կանխատեսվում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում աստիճանաբար կմոտենա ՀՀ ԿԲ 4% նպատակային թիրախին, երբ միանգամյա գործոնները թուլանան: Ընթացիկ հաշվի դեֆիցիտն ակնկալվում է, որ աստիճանաբար կնվազի մինչեւ ՀՆԱ-ի շուրջ 5%-ը: Հեռանկարի ռիսկերը հիմնականում արտաքին են:

Բյուջեի դեֆիցիտի մասով

Քաղաքականության մասով՝ հարկաբյուջետային ջանքերն անհրաժեշտ է, որ շարունակեն նպատակաուղղված լինել պարտքի կայունության եւ միաժամանակ ներդրումների եւ սոցիալական ծախսերի հնարավորությունների պահպանմանը:

Այս առումով աշխատակազմը ողջունում է հինգ տարվա ընթացքում կենտրոնական կառավարության պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսից իջեցնելու իշխանությունների հանձնառությունը՝ առաջնորդվելով հարկաբյուջետային վերափոխված կանոնով։ Կանխատեսվում է, որ բյուջեի դեֆիցիտի 2019 թ. կկազմի ՀՆԱ-ի մոտավորապես 2½ տոկոսը եւ միջնաժամկետ հատվածում՝ ՀՆԱ-ի 2%-ը:

Հարկային բարեփոխումներ

Հարկաբյուջետային նպատակներին կաջակցեն հարկային եւ ծախսային բարեփոխումները: Իշխանությունները դիտարկում են հարկային բարեփոխումների փաթեթ՝ կարգապահությունը եւ միջնաժամկետ աճը խթանելու համար: Բարեփոխումը կարճաժամկետ հեռանկարում կենթադրի եկամտի կորուստներ, քանի որ կարգապահության բարձրացումն ակնկալվում է, որ միայն ժամանակի ընթացքում իրականություն կդառնա:


Ուստի, առանցքային կարեւորություն ունի հարկային քաղաքականության միջոցառումների նախատեսվող փաթեթի իրականացումը՝ նշված կորուստների լիարժեք չեզոքացման համար, միաժամանակ հաշվի առնելով բարեփոխման հնարավոր ազդեցությունը հավասարության վրա:

Այս առումով աշխատակազմը հատկապես ողջունում է 2019-20 թթ. գույքի հարկում վերափոխելու իշխանությունների հանձնառությունը՝ արդարացիությունը մեծացնելու համար եւ հարկային վարչարարության եւ հարկերից խուսափելու խորքային դրսեւորման դեմ պայքարի հետագա ջանքերի կոչ է անում:

Միջնաժամկետ ծախսերի ծրագիր

Ծախսերի մասով՝ 2019-21 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նպատակաուղղված է ՀՆԱ-ի նկատմամբ կապիտալ ծախսերի ավելացմանը՝ զսպելով ընթացիկ ծախսերը։

Առաջնահերթությունների թվում են՝ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների արագացումը եւ պետական ներդրումների կառավարման ուժեղացումը:

Դրամավարկային քաղաքականություն

Գների կայունությունը պետք է շարունակի մնալ դրամավարկային քաղաքականության առանցքում: Քաղաքականության ներկայիս դիրքը նպատակահարմար է եւ ՀՀ ԿԲ միջնաժամկետ թիրախին համահունչ:

Աշխատակազմը ողջունում է փոխարժեքի գործող ճկուն ռեժիմը պահպանելու իշխանությունների մտադրությունը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել միջազգային պահուստների համարժեքությունը:

Բարելավվել է վարկերի մատչելիությունը

Ֆինանսական հատվածը շարունակել է ամրապնդվել, եւ վարկերի մատչելիությունը բարելավվել է: 2018թ. ֆինանսական կայունության գնահատման ծրագրի (FSAP) հանձնարարականների վրա հիմնվելով՝ իշխանությունները ձեռնարկում են ֆինանսական կայունության ամրապնդմանը եւ ֆինանսական զարգացումը խթանելուն ուղղված քայլեր։

Առանձին քայլերի թվում են՝ իրացվելիության ավելի ամուր բուֆերների ստեղծումը, համակարգային իրացվելիության կառավարման բարելավումը, եւ դոլարացման հետագա կրճատման մակրոպրուդենցիալ միջոցառումների ամրապնդումը եւ կապիտալի շուկաների զարգացումը:

Անհրաժեշտ են վճռական բարեփոխումներ

Կառուցվածքային բարեփոխումների նոր կառավարության հավակնոտ օրակարգով պատշաճ շեշտադրվում է կոռուպցիայի դեմ պայքարը, գործարար միջավայրի բարելավումը եւ մարդկային կապիտալի ու ենթակառուցվածքների զարգացումը:

Այս առումով առանցքային միջոցառումների թվում են՝ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, կորպորատիվ թափանցիկության եւ կառավարման ամրապնդումը եւ ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության իրականացումը:

Նշված բարեփոխումներն անհրաժեշտ է վճռականորեն իրականացնել՝ արդար մրցակցության եւ հավասար հնարավորությունների խթանմանը, որպես աճի շարժիչ՝ մասնավոր հատվածի դերին զարկ տալուն եւ աղքատությունն ու գործազրկությունը նվազեցմանն աջակցելու համար:
Դիտում՝ 6124
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW