Փաշինյանը խոսել է «հայկական տնտեսական հրաշքի» մասին

23.02.2019 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համոզմունք է հայտնել, որ «հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը»:

Վարչապետն այդ մասին ասել է Վանաձորում կայացած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի իր ելույթում:

Ներկայացնում ենք մի քանի հատված վարչապետի ելույթից:

Հիմնական հարցը

Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետեւյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն եւ կարո՞ղ են արդյոք կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույթում է:

Տնտեսական հեղափոխությունը մեր կարեւորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»:

Հեղինակների եւ խոսքի մասին
 
Տնտեսության մեջ ո՞վ է որեւէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, եւ մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է:

Ինչպե՞ս ենք քաջալերելու, այո՛, նաեւ խոսքով: Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը եւ դրա արժեքը: Որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարեւոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման,  օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով:

Երաշխիքների մասին

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետեւ փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը:

Իրականում սա հեշտ չէ: Պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ, եթե որեւէ բիզնես «փայ է» որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասխանատվության կեսը կիսված է, եւ երբ ահազանգ լինի, որ ինչ-որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են եւ ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որեւէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել:

Հաղթող բիզնեսմենների մասին

Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ սեփական ուժերի նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ եւ հարստացնել:

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ եւս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլենք:
Դիտում՝ 1999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW