Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական 14 գինեգործական ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային «ՊրոդԷքսպո» սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի ամենամյա ցուցահանդեսում: Փետրվարի 11-15-ը Մոսկվայում կայացած ցուցահանդեսին շուրջ 170 տեսակի հայկական գինիներն այցելուներին ներկայացվել են միասնական տաղավարով: Ցուցահանդեսի շրջանակում հայկական մի շարք գինիներ արժանացել են 5 ոսկե, 4 արծաթե մեդալների եւ այլ մրցանակների:Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ այս տարի բավականին մեծ է եղել միջազգային գնորդների, դիստրիբյուտորների ու մասնագետների հետաքրքրությունը հայկական տաղավարի ու հայկական գինիների նկատմամբ. «Մեր տաղավարը ցուցահանդեսի ամբողջ ընթացքում մշտապես բազմամարդ էր, ու բոլոր այցելուները գոհ էին հեռանում»,- նշել է Զարուհի Մուրադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը ռուսական շուկայում արդեն ճանաչելի է ոչ միայն կոնյակագործության, այլեւ որպես որակյալ գինիներ արտադրող երկիր: «Ռուսաստանը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Հիմնադրամը, ընկերությունների հետ համատեղ, նպատակ ունի առավել ամրապնդելու եւ ընդլայնելու իր դիրքերը տվյալ շուկայում՝ շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ, առանձնահատուկ գինիների: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար»,- ասել է Զարուհի Մուրադյանը:Ցուցահանդեսի շրջանակում ձեռք են բերվել համագործակցության մի շարք նախնական պայմանավորվածություններ: Կազմակերպվել են նաեւ հայկական գինիների մասին դասախոսություններ ու համտես-քննարկումներ «Բիգատի» գինու մասնագիտացված բարում, «Էնոտրիա» գինու դպրոցում եւ Սոմելյեների մոսկովյան դպրոցում: Tweet Դիտում՝ 2393