ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնը Դավոսում քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ: Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր:Ընկերության նախագահը կարեւորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը եւ համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ քննարկել նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ավիացիոն եւ այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքներին, «Հայփոստ»-ի հետագա կառավարմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ նախկին շենքի հետ կապված ծրագրերին: Tweet Դիտում՝ 1495