Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը: «Հաշվի առնելով հաճախորդների՝ անհուսալի վարկերի մարման նոր ժամանակացույց կազմելու եւ իրենց պարտավորությունները կատարելու ցանկությունը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել դիմումների ընդունման վերջնաժամկետը, հնարավորություն ընձեռելով հաճախորդներին օգտվել տույժ-տուգանքների զիջման հնարավորությունից այս տարի եւս: Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում»,- ասված է հաղորդագրությունում: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: «Մենք գործընթացը սկսել ենք դեռ անցած տարվա հուլիսից եւ մեր հաճախորդների խնդրանքով որոշում կայացրինք երկարաձգել դիմումների ընդունման ժամկետը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը: Յունիբանկը դիմումներ ընդունում է ոչ միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով, այլ նաեւ՝ որոշակի զիջումներ իրականացնում է անհատ ձեռներեցների եւ ՓՄՁ-ների համար: Մենք միշտ ձգտում ենք ցուցաբերել հաճախորդամետ մոտեցում եւ հնարավորինս աջակցել հաճախորդներին՝ իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը: Tweet Դիտում՝ 2581