Գինու զբոսաշրջությունը՝ նոր փաթեթավորմամբ

27.12.2018 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գինի #Հռիփսիմե Գրիգորյան #Արա Խզմալյան
Հայաստանի՝ որպես գինու երկրի մասին աշխարհին նորովի պատմելու համար մշակվել է երկլեզու գովազգդատեղեկատվական գրքույկ, որն ընդգրկում է հայաստանյան խոշոր գինեգործարանների մասին ամփոփ տեղեկատվություն։  

Գրքույկը, ինչպես նաեւ  հոլովակը, «Գինեգնացք» նոր արդյունքը, գինու զբոսաշրջության հիմնական ուղղություններն ու վայրերը ներկայացվել են դեկտեմբերի 26-ին՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակում տեղի ունեցած «Գինու զբոսաշրջությունը Հայաստանում» արդյունքի շնորհանդեսին։


ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ գրքույկի պատրաստմանը նախորդել են Հայաստանի տարբեր մարզերում գինեգործական մշակույթի պոտենցիալի բացահայտման աշխատանքներ։


«Հավաքագրված տեղեկատվությունը կօգտագործվի նաեւ մեկ այլ՝ միջազգային տուրիստական նախագծի շրջանակում, որը կոչվում է «Մետաքսի ճանապարհին գինու երթուղի»։ Դեռեւս անցյալ տարվանից սկսել ենք տուր-արտադրանքի ներկայացումը տարբեր երկրներում եւ արժանացել միջազգային գործընկերների հավանությանը»,- տեղեկացրել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Ծրագրի նկատմամբ արդեն հետաքրքրություն են հայտնել Ռումինիան, Վրաստանը, Սլովակիան, Չեխիան, Չինաստանը։  


Ինչ վերաբերում է «Գինեգնացք»-ին, ապա այս ծրագրի շրջանակում գինեսերները Երեւաից էլեկտրագնացքով ուղեւորվում են Գյումրի՝ ճանապարհի ընթացքում վայելելով հայ ու արտասահմանցի արտադրողների գինիները եւ ունկնդրելով հայկական բենդերի կատարումները: Հասնելով Գյումրի՝ շրջայց են կատարում քաղաքում, այնուհետ «Սեւ բերդ» կոչվող ամրոցում վայելում են հայ հայտնի երգիչների համերգը:

«Գինին շատ մեծ մրցակցային դաշտ է ապահովում զբոսաշրջության տեսանկյունից, առավել եւս՝ երբ ունես հարեւան պետություն, որը նույնպես այդ ոլորտում փորձում է զբաղեցնել առաջնակարգ դիրք։ Մեր երկրի ճանաչելիության բարձրացման, մեր երկրի հանդեպ օտարազգիների հետաքրքրությունը շարժելու տեսակետից գինի շատ մեծ գործ ունի անելու եւ այդ գործն անում է»,- ասել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը՝ կարեւորելով մասնավոր հատվածի հետ աշխատանքը։

Արա Խզմալյանը

Խոսելով վիճակագրական համակարգի բացերի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ առայժմ դժվար է ասել՝ զբոսաշրջիկների որ հատվածն է Հայաստան այցելում հենց գինեգործական մշակույթին ծանոթանալու նպատակով։


«Կա մի փաստ՝ գնալով ավելի ու ավելի են շատանում հենց գինու գործարաններին հարակից զբոսաշրջային վայրերը եւ ձեռնարկությունները։ Սա նշանակում է, որ բիզնեսն արդարացված է»,- նշել է Արա Խզմալյանը։

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել է նաեւ ոլորտի զարգացման մասին պատմող հոլովակ, որից հետո ներկաները համտեսել են հայ արտադրողների գինիները։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 6031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW