Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 8,8%-ով

26.12.2018 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հռիփսիմե Գրիգորյան #զբոսաշրջություն
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, ամփոփելով ոլորտի արդյունքները, այսօր ասել է, որ 2018թ. առաջին ինն ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելություններն աճել են 8,8%-ով։

2018թ. զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 275 209՝ 2017թ. նույն ամիսների 1 172 402-ի համեմատ։

Հայաստան այցելություններն ամենաշատն ապահովել են հետեւյալ երկրները՝ Ռուսաստան (524 423), Վրաստան (233 125), Իրան (132 829), ԱՄՆ (46 138), Ուկրաինա (24 308):


Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ տոկոսային առումով դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն առավել աճել է Հնդկաստանից (131%), Չինաստանից (107%) եւ Ղազախստանից (83%):

Համակարգային բարեփոխումներ

Կոմիտեն կարեւորում է Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի լրամշակումը, որն ընդունվել է 2003թ. եւ փոփոխվել 2011 եւ 2018 թթ.։

Օրենսդրական փոփոխություններ կիրականացվեն ծառայությունների որակի բարելավման եւ բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման ուղղություններով։

Հրատապ լուծում պահանջող հարցերից են զբոսավարի գործունեության կարգավորումը, զբոսաշրջային օբյեկտների հասանելիությունը սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց համար, ինչպես նաեւ վիճակագրական տվյալների ճշգրտությունը:


Ծրագրեր

Համաշխարհային բանկի հետ իրականացվում է $55 մլն արժողությամբ վարկային ծրագիր, որն ուղղված է Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացմանը։

Ծրագրի շրջանակում մի շարք զբոսաշրջային ենթակառուցվածքների, ճանապարհների եւ զբոսաշրջային հանգուցների վերականգման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, որոնք կշարունակվեն նաեւ մյուս տարի։ Այս պահին կառուցման փուլում է գտնվում Գառնիից դեպի «Քարերի սինֆոնիա» տանող, Տաթեւից դեպի Սատանի կամուրջ տանող ճանապարհները եւ այլն։

2019-ին կկառուցվի Սոճուտից դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհահատվածը:

Եվրամիության հետ 2019-ին կիրականացվի աջակցության ծրագիրը, որի բյուջեն կազմում է €13,5 մլն։ Գումարի զգալի մասը կհատկացվի երկրի մարքեթինգային բյուջեի ընդլայնմանը, որի նպատակն է Գյումրիի օդանավակայանում ցածր արժեք ունեցող ավիաընկերությունների ներգրավումը։
Դիտում՝ 15976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW