«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ սահմանապահ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի ստեղծած «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները եւ հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։«Մովսեսը սահմանապահ գյուղ է, եւ այս ծրագիրը նաեւ կարեւոր է նրա համար, որ դպրոցի սաները, կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, եւ դա նաեւ կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգեւորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ «Երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով, աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով. սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ եւ կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,- ասել է ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը։«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015-ին ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 2512