«ԱԳԲԱ Լիզինգ»-ի նախաձեռնությամբ կայացել է Եվրամիության հետազոտությունների եւ նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը: Հաղորդագրության համաձայն՝ «Հորիզոն 2020»-ի E-FIX դրամաշնորհի շրջանակում «ԱԳԲԱ Լիզինգ»-ը կոնսորցիումի մյուս անդամների հետ մշակելու է էներգաարդյունավետ եւ էներգախնայող սարքավորումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ եւ այն օգտագործվելու է ներդրումային նախագծերում: «Այսօր քննարկել ենք, թե ինչպիսին պետք է լինեն էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նոր մեխանիզմները, ինչպիսի ուղիներ է պետք ընտրել՝ էներգաարդյունավետ սարքավորումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաեւ մտքեր ենք փոխանակել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ եւ փորձել լուծումներ գտնել։ Մեր գործողությունները եւ Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի կողմից ընձեռված հնարավորությունների համադրությունը թույլ կտա ավելի բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարեւորության գիտակցումը եւ կնպաստի Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերի տեսակարար կշռի ավելացմանը: Մեր բոլոր գործողությունները ուղղված են վերականգնվող էներգետիկայի եւ առհասարակ «կանաչ» տնտեսությունների ստեղծմանը եւ այդ տնտեսություններում մասնավոր ներդրումների մեծացմանը»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։ «Հորիզոն 2020»-ի E-FIX նախագիծը մեկնարկել է 2018թ., ծրագրում Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Ֆրանսիական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ»-ն է, որը Հայաստանում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: Tweet Դիտում՝ 2151