ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պաշտոնական այցով եղել է Արցախում։Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Գեղամ Գեւորգյանը Խնապատ համայնքում շրջայց է կատարել «Տոհմային կայան»-ում, ծանոթացել կենդանիների կերակրման, խնամքի եւ պահվածքի պայմաններին, կայանում օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաներին:Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առուստամյանը նշել է, որ կենդանիների տոհմային կազմը բարելավելու նպատակով արտասահմանից ներկրվել են շվից, ֆլեգվի եւ ջերզեյ ցեղատեսակի զտարյուն ցեղային կենդանիներ, որոնցից ստացված սերունդները սկսել են տրամադրել տեղացի ֆերմերներին: Նրա խոսքով՝ առաջնային խնդիրների թվում է կենդանիների կաթնատվության բարձրացումը, եւ այս ուղղությամբ արդեն գրանցվել են դրական արդյունքներ:«Եթե 2010 թվականին մեկ կովի միջին կաթնատվությունը կազմում էր 1630 լիտր, ապա հիմա այն կազմում է 2350 լիտր: Այս թվերը խոսում են այն մասին, որ իրոք կա առաջընթաց»,- հավելել է Տիգրան Առուստամյանը:Գեղամ Գեւորգյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծության զարգացման ծրագրերի շրջանակում «Տոհմային կայան»-ը կարող է հանդես գալ որպես օրինակելի գործընկեր:Նախարարի պաշտոնակատարը այցելել է նաեւ «Անուշ 1» ՍՊԸ-ի «Կատարո» գինու գործարան, որը գտնվում է Հադրութի շրջանի Տող համայնքում: Գործարանի համասեփականատեր, Արցախի գինեգործների միության նախագահ Գրիգորի Ավետիսյանը տեղեկացրել է, որ գինու արտադրության ծավալների ավելացման նպատակով այս տարի խաղողի այգիներն ավելացրել են եւս 5 հեկտարով, եւ այժմ այգիների ընդհանուր տարածքը կազմում է 15 հեկտար։ Գինին արտադրվում է խնդողնի խաղողի տեսակից եւ արտահանվում դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Բելգիա եւ այլ երկրներ:«Պետք է կարողանանք հայկական գինեգործության բրենդը աշխարհով տարածել, որպեսզի սպառման շուկաներն ավելի մեծացնենք, իսկ արտադրողին հնարավորություն տանք խաղողի նոր այգիներ տնկել, որոնք կլինեն ֆիլոքսերադիմացկուն, նոր ինտենսիվ խաղողագործությունը զարգացնենք, ինչի հետեւանքով կավելացնենք նաեւ գինու արտադրության ծավալները» - ասել է Գեղամ Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 1685