Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ՝ Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։ Համապատասխան հուշագիրն այսօր ստորագրվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ:«Այս ծրագիրը հնարավորություն կտա ֆերմերներին, ուսանողներին գործնականում տեսնել նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությունը, ինչը վստահություն կներշնչի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ նոր, բարձրարժեք մշակաբույսեր կիրառելու համար։ Կարծում եմ՝ այս փորձը վարակիչ կլինի հետագայում այլ մարզերում եւս նման փորձացուցադրական այգիներ հիմնելու համար»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել օրինակելի, լավագույն տեխնոլոգիաներով հագեցած այգու հիմնման աշխատանքներին՝ տրամադրելով Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունից 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի խոսքով՝ նման համագործակցության շնորհիվ արդյունքները կբազմապատկվեն. ֆերմերները ոչ միայն կստանան խորհրդատվություն, կտեսնեն ու կծանոթանան գյուղատնտեսության նորագույն մեթոդներին, այլեւ ուսանողները եւ դասախոսները կներգրավվեն այդ աշխատանքներում։ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանն էլ նշել է, որ այս քայլով հնարավորություն է ընձեռնվում առավել արդյունավետ տարածել նորարարական գիտելիքը: Tweet Դիտում՝ 2120