ԿԲ-ն հայտարարում է՝ «Վերածնունդ» ծրագրի հետ որեւէ կապ չունի

25.10.2018 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«Վերածնունդ»
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ «Վերածնունդ» ծրագրի հետ որեւէ կապ չունի:

«ԿԲ-ն եւս մեկ անգամ հարկ է համարում հանրությանը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիներին, որոնք ունեն բնակարանային խնդիր եւ իրենց խնդրի լուծումը կապել են «Վերածնունդ» ծրագրի հետ տեղեկացնել, որ Կենտրոնական բանկը որեւէ կապ չունի նշված ծրագրի հետ (երբեւէ չի ստորագրել որեւէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որեւէ պարտավորություն ծրագրի հետ կապված) եւ իր որոշումներով երբեւէ չի սահմանափակել Հայաստանում հիփոթեքային շուկայի հասանելիությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների՝ վարկառուների, ինչպես նաեւ կառուցապատող ընկերությունների համար, որոնք ցանկանում են Հայաստանում առաջարկել բնակարաններ՝ հիփոթեքային վարկավորման միջոցով վաճառելու համար։

Ավելին, հիփոթեքային շուկայի հասանելիության բարձրացման, շուկայի խորացման եւ բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով Կենտրոնական բանկը նախաձեռնել է երկու տիպի վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների ստեղծումը, որոնք անհրաժեշտության դեպքում առեւտրային բանկերին ապահովում են անհրաժեշտ դրամային ռեսուրսներով հիփոթեքային վարկերը ավելի հասանելի դարձնելու համար»,- ասված է հայտարարությունում:


ԿԲ-ում հիշեցրել են, որ թե՛ «Վերածնունդ» ծրագրի շահառուները եւ թե՛ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ քաղաքացի կարող է օգտվել ինչպես «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրից, այնպես էլ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ծրագրերից։

«Ընդ որում, եթե «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի ներքո առկա են որոշակի սահմանափակումներ՝ կապված շահառուի ընտանեկան կարգավիճակի եւ տարիքի հետ, ապա «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում որեւէ նման սահմանափակում սահմանված չէ, այլ միայն գործում են վարկառուներին վարկունակության նկատմամբ պահանջները (որոնք առկա են բոլոր տեսակի վարկային ծրագրերում)։

Նշենք ավելին, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում նույնպես հաճախորդները կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ինչը էականորեն նվազեցնում է վարկի մարման բեռը վարկառուների համար։

Այսպես, օրինակ, եթե որեւէ ոլորտում զբաղված մասնագետը ամսական ստանում է մոտ 300 000 դրամ աշխատավարձ եւ ցանկանում է գնել շուրջ 20 մլն դրամ արժողությամբ բնակարան՝ 10% կանխավճարով, 30 տարի ժամկետով եւ 10,5% տոկոսադրույքով (շուկայում գործող ամենաբարձր տոկոսադրույքներից է, հնարավոր է նաեւ ստանալ շատ ավելի ցածր տոկոսադրույքով)*, ապա վերջինիս վարկի ամսական մարումը կկազմի մոտ 165 000 դրամ։ Սակայն եկամտային հարկի վերադարձից հետո փաստացի վճարվող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը կտատանվի մոտ 2%-ի շուրջ՝ 10,5%-ի փոխարեն։

Հնարավոր է, որ նորաստեղծ երիտասարդ ընտանիքներն ունենան փոքր-ինչ ավելի լավ պայմաններ հիփոթեքային վարկերի համար, եթե բավարարեն «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի պայմաններին, քանի որ այս նպատակով գործում է պետական նպատակային ծրագիր՝ նորաստեղծ ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ հասարակության այլ շերտերը զրկվում են հիփոթեքային վարկեր ստանալու հնարավորությունից»,- նշված է հայտարարությունում:

ԿԲ-ն ընդգծել է, որ «մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր Կենտրոնական բանկը խաթարել է «Վերածնունդ» ծրագրի իրականացումը, այն դեպքում, երբ իրականում Կենտրոնական բանկը, ընդհանրապես որեւէ առնչություն չունենալով այս ծրագրի հետ, հավասար պայմաններ է ստեղծել թե՛ տարբեր ոլորտի ներկայացուցիչ վարկառուների, թե՛ կառուցապատողների եւ թե՛ ֆինանսական հաստատությունների համար, ոչ այլ ինչ է քան իրականության պարզ խեղաթյուրում»։

«Հարկ ենք համարում նաեւ նշել, որ նախկինում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող բազմաբնակարան շենքերի հիփոթեքային վարկավորման ծրագրերը ունեցել են հստակ պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում շահառուները կարողացել են մասնակցել վարկավորման ծրագրին: Սակայն պետք է հիշել նաեւ, որ անցյալում հիփոթեքային շուկան չուներ այն ծավալն ու առողջ մրցակցության այն միջավայրը, որն այսօր ձեւավորված է հիփոթեքային վարկավորման շուկայում։ Ուստի, հաշվի առնելով այն, որ ներկայումս արդեն հիփոթեքային շուկայում գործում են բազմաթիվ ծրագրեր, կան բազմաթիվ կառուցապատողներ, որոնք առաջարկում են որակյալ շինություններ, ինչպես նաեւ առանձին ֆինանսական կազմակերպությունների հիփոթեքային ծառայությունները նախկինի համեմատ շատ ավելի մատչելի են, իսկ վարկավորող կազմակերպությունները հիփոթեքային վարկավորման դեպքում կիրառում են բավական ճկուն վարքագիծ՝ որոշում է կայացվել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող նոր ծրագրի համար պարզապես չնախագծել եւ չստեղծել առանձին ծրագիր, այլ կիրառել արդեն իսկ ձեւավորված եւ փորձարկված արդյունավետ մեխանիզմները (որոնք, ինչպես վերեւում ներկայացվեց, կրկին բավական մատչելի են՝ հաշվի առնելով եկամտային հարկի վերադարձը, ինչը նախկինում նույնպես չէր գործում):

Խնդրում ենք բոլոր քննարկումները եւ ուղղորդումները առ այն, որ ծրագիրը խոչընդոտվում է ՀՀ ԿԲ պատճառով դադարեցնել եւ շահագրգիռ քաղաքացիներին չուղղորդել ՀՀ ԿԲ դեմ»,- ամփոփել են Կենտրոնական բանկում:

*«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի ներքո հիփոթեքային վարկավորման առավելագույն տոկոսադրույք է սահմանված 9,5%-ը։ Մարզերում եւ Երեւանում Կառավարության կողմից սուբսիդավորումից հետո առավելագույն տոկոսադրույքը նվազում է համապատասխանաբար 5,5% եւ 7,5%-ի։
Դիտում՝ 2614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW