Երեւան, 3 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հոկտմեբրի 2-ին կայացած նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 5.00 %: ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ 2007թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.7%ª տարեկան նպատակային 4%-ի դիմաց: Չնայած երրորդ եռամսյակում փաստացի գնաճի նպատակային միջակայքում ձևավորմանը` ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ հետագա 12-ամսյա ժամանակահատվածում արտաքին և ներքին միջավայրի զարգացումները էական գնաճային ռիսկեր են պարունակում: Արտաքին աշխարհից գնաճային ճնշումները արդեն իսկ արտահայտվել են ներքին գների վրա` նավթի, հացահատիկի և պարենային այլ ապրանքների միջազգային գների աճի միջոցով և կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում: Միաժամանակ, բյուջետային ծախսերի առավել ընդլայնողական ազդեցության և համախառն մասնավոր սպառման ու ներդրումների բարձր աճի սպասումներով պայմանավորված, էականորեն ուժգնանալու են նաև ներքին գնաճային ճնշումները: Այս իրավիճակում դրամավարկային քաղաքականությունը նպատակ ունի մեղմել գնաճային սպասումները և գնաճը պահպանել նպատակային մակարդակում: Տնտեսության զարգացման նման հեռանկարների պահպանման պարագայում, ԿԲ խորհուրդը հավանական է համարում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6941