Երեւանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով:Ֆորումին ելույթ է ունեցել նաեւ Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան: Իր հերթին Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը եւ Հայաստանի ներդրումային միջավայրը։ «Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ Google-ը, Apple-ը եւ այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաեւ էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ եւ Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,-ասել է Արմեն Ավակ Ավակյանը։ Տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետեւյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը եւ աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առեւտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։ Բիզնես ֆորումի կազմակերպմանն աջակցել են Yandex.Taxi, Coca-Cola Hellenic Armenia, ARARAT, all.me, Armenia Wine ընկերությունները։ Tweet Դիտում՝ 8487