Երեւան, 21 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր “կարեւորագույն գործարք” է անվանել “Հայներարտբանկի” ձեռքբերումը ռուսաստանյան “Տրոյկա Դիալոգ” ներդրումային խմբի կողմից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ “Տրոյկա Դիալոգի” պես հեղինակավոր դերակատարի մուտքը հայկական բանկային շուկա կնպաստի մրցակցության ծավալմանը, նոր բանկային ծառայությունների ներդրմանը եւ Հայաստանի նկատմամբ արտասահմանյան ներդրողների հետաքրքրության աճին: “Տրոյկա Դիալոգ” ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարել է, որ “մեր գործընկերոջ` “Ամերիա” ընկերության հետ միասին, մենք վաղուց հետեւում ենք Հայաստանի ֆինանսական շուկային”: Նրա խոսքերով, “մենք գտնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը մոտեցել է այն փուլին, երբ կարելի է խոսել արժեթղթերի շուկայի զարգացման եւ հաճախորդներին նոր ներդրումային գործիքներ առաջարկելու անհրաժեշտության մասին”: Ռուբեն Վարդանյանը նշել է, որ “Տրոյկա Դիալոգը” եւ “Ամերիան” մտադիր են “Հայներարտբանկի” հիմքի վրա ստեղծել ներդրումային բանկ, որը թույլ կտա հաճախորդներին ծատայություններ մատուցել հետեւյալ շղթայով` ֆինանսական շուկա-տնտեսության իրական հատված-կապիտալի շուկա: “Տրոյկա Դիալոգի” կողմից ստեղծված հատուկ հիմնադրամը ձեռք է բերել “Հայներարտբանկի” բաժնետոմսերի 96%-ը բրիտանացի գործարար Վաչե Մանուկյանից 13 մլն դոլարով: Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ներդրումների ծավալը “Հայներարտբանկում” 2008 թվականի սկզբին կկազմի մինչեւ 50 մլն դոլար: Նա նշել է, որ“առաջիկա 2-3 տարիներին մենք մտադիր ենք տեղ զբաղեցնել հայկական բանկային շուկայի առաջատար եռյակում”: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ “Հայներարտբանկի” ղեկավարությունը” լրջորեն կթարմացվի”, չի բացառվում նաեւ բանկի բրենդի փոփոխությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7379