«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի պայմանները կբարելավվեն

14.09.2018 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ եւ լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բարելավելով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները։


Մասնավորապես, կնվազեցվեն վարկի տոկոսադրույքներն ու կանխավճարը, ինչպես նաեւ կբարձրացվի ծրագրի շահառուների տարիքային շեմը:

Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը կտրամադրվի առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9,5% տարեկան տոկոսադրույքով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը։ Այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 7,5%։

Մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքը կկազմի 9,5%, որից 4%-ը կսուբսիդավորի պետությունը, եւ վերջնական տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5,5%։

Առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը կտրամադրվի առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7,5%, որը չի սուբսիդավորվում։

Banks.am-ը նշում է, որ գործող օրենսդրությամբ հիփոթեքային վարկը տրամադրվում է 10,5-11%-ով, որից մարզերում սուբսիդավորվում է 4%-ը, Երեւանում ՝ 2%-ը:

Ինչ վերաբերում է կանխավճարին, ապա այն կնվազեցվի մինչեւ 10%՝ նախկին 30%-ի փոխարեն, իսկ 20% տարբերության համար կներդրվի հիփոթեքային պարտավորության ապահովագրության ինստիտուտ:

Ամուսինների առավելագույն գումարային տարիքը կսահմանվի 70՝ ներկայիս 65-ի փոխարեն:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով եւ ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ կզբաղվի 19 ֆինանսական կազմակերպություն՝ 14 բանկ եւ 5 վարկային կազմակերպություն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրվա ընթացքում, եւ դրա գործողությունը կտարածվի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Դիտում՝ 14025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW