Երեւան, 18 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերս Բանկը” դարձավ երրորդ բանկը աշխարհում, որը թողարկում է Visa Mini սպառողական վարկային քարտեր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ “Կոնվերս Բանկի” պլաստիկ քարտերով գործարքների բաժնի ղեկավար Բենիամին Թադեւոսյանը հայտնել է, որ բացի “Կոնվերս Բանկից”, Visa Mini քարտեր են թողարկում ընդամենը երկու բանկեր` ամերիկյան Bank of America-ն եւ ռուսական “Մաստեր-Բանկը”: Բենիամին Թադեւոսյանը հայտնել է, որ իր չափսերով Visa Mini քարտը 40%-ով ավելի փոքր է հասարակ քարտերից: Այն նախատեսված է հաճախորդին տրամադրված վարկային միջոցներից անկանխիկ առեւտրային գործարքներ կատարելու համար` փաստորեն փոխարինելով սպառողական վարկավորման սովորական գործընթացը: Վարկի առավելագույն գումարը կազմում է 2.5 մլն դրամ, նվազագույնը` 50 հազար դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%, քարտի տրամադրման միանվագ վճարը` 2000 դրամ: Վարկային գիծը կարող է օգտագործվել 3 ամսիների ընթացքում, որից հետո հաճախորդն ինքը կարող է դրամ փոխանցել իր քարտին: Օգտագործված վարկային միջոցների եւ ավելացած տոկոսների մարումը սկսում է 4-րդ ամսից: Visa Mini քարտն ուժի մեջ է 2 տարվա ընթացքում, այն կարելի է ստանալ 2 օրվա ընթացքում “Կոնվերս Բանկի” գլխավոր գրասենյակում, կամ մասնաճյուղերում: Քարտը չի կարելի կանխիկացնել բանկոմատներում: Այսօր կայացել է նաեև “Կոնվերս Բանկի” մեկ այլ նոր ապրանքատեսակի` Visa Gift քարտի շնորհանդեսը: Քարտը տրամդրվելու է հաճախորդին մեկ օրվա ընթացքում առանց չնվազող մնացորդի: Visa Gift-ի տրամադրման միանվագ վարձը կկազմի 3000 դրամ, “Կոնվերս Բանկի” բանկոմատներում քարտի կանխիկացման համար կգանձվի 0.5%, այլ բանկոմատներում` 1%: Առեւտրային օբյեկտներում գործարքներ իրականացնելիս տոկոսներ չեն գանձվի: “Կոնվերս Բանկի” գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանն այսօր ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը “Կոնվերս Բանկի” գործունեության գլխավոր ուղղություններից է: Նրա գնահատմամբ Visa Mini քարտերի ներդրման հաշվին բանկի սպառողական վարկավորման ծավալի աճը մինչեւ տարեվերջ կգերազանցի 40%-ը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6562