Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երեւանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Բանկում նշել են, որ այս տարի փառատոնը նվիրված է Երեւանի 2800-ամյակին:«Միջազգային երաժշտական փառատոնին աջակցելով՝ Կոնվերս Բանկն իր հերթական ներդրումն է կատարում մշակույթի ոլորտի խրախուսման, զարգացման հարցում»,- ասված է հաղորդագրությունում:«Սա Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում կարեւորագույն միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ մշակույթը, արվեստն այն կարեւորագույն ոլորտներն են, որոնք սերունդներ են կրթում ու դաստիարակում, անհատականություններ ձեւավորում: Այս առումով վստահ ենք, որ հասարակություն-բիզնես համագործակցության ձեւաչափը մշակույթի եւ արվեստի հանրայնացման առումով ամենաարդյունավետներից է: Եվ այս գիտակցմամբ արդեն ավելի քան երկու տասնամյակ մասնակցում ենք մշակույթի եւ արվեստի խրախուսման տարբեր նախագծերի»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Կոնվերս Բանկի մշակութային նախաձեռնություններից առանձնացվել են Մոնսարատ Կոբալիեյի այցը Հայաստան եւ Արցախ, Աստոր Պիացոլայի հանրահռչակ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի բեմադրությունը, Բարբոզա տրիոյի երեւանյան համերգները:Ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 7 սիմֆոնիկ եւ 2 կամերային համերգներ, 1 օպերային ներկայացում, ինչպես նաեւ 2 մենահամերգ: Ի թիվս շատ ստեղծագործությունների՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի նաեւ համաշխարհային պրեմիերաներ: Տեղի կունենան դասական երաժշտության երեկոներ: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին՝ Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությամբ, որը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:Փառատոնի բոլոր համերգները կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Tweet Դիտում՝ 12227