100 օրը՝ տրանսպորտի ոլորտում

04.09.2018 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշոտ Հակոբյան
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ամփոփել է իր գործունեության 100 օրը։ Banks.am-ն ըստ թեմաների առանձնացրել է նախարարի հայտարարությունները:

«Հյուսիս-հարավ»

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի երկրորդ եւ երրորդ տրանշերում ամբողջությամբ ավարտվել են հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները։


2018թ. մայիսի 15-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ տրանշում կառուցվել է 6,5 կմ բետոնե պատվածք՝ 3,2 մլրդ դրամ արժեքով։

Երրորդ տրանշում ավարտվել եւ Եվրասիական զարգացման բանկի հաստատմանն է ներկայացվել նոր ուղեգիծը։ Չորրորդ տրանշում հայտարարվել է համապատասխան մրցույթը։  

Մշակել ենք շինարարական աշխատանքների իրականացման նոր մեթոդներ, որոնք կարագացնեն աշխատանքները։

Հավասար պայմաններ՝ տաքսի ծառայությունների ոլորտում

Քայլեր ենք ձեռնարկում տաքսոմոտորային ծառայությունների բնագավառում որակի բարելավման եւ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։

Ցանկանում ենք հավասար պայմաններ ստեղծել տաքսի ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների, անհատ ձեռներեցների համար։

Գազաբալոնային համակարգով սնուցվող ավտոմեքենաների սպասարկման ոլորտում, ինչպես նաեւ տեխնիկական զննության համակարգում եւս փոփոխություններ են նախատեսվում։

Համապատասխան փոփոխությունների փաթեթներն ուղարկվել են շահագրգիռ կողմերին՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կազմելու համար։

Միասնական երթուղային ցանց

Մեկ միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացն ավարտական փուլում է։ Ներկայում գտնվում ենք հաշվարկների վերջնական փուլում, որն ավարտելուց հետո կհայտարարենք մրցույթ։

Ցանցը ներառելու է բոլոր բնակավայրերը։

Կարեւոր նախապայմաններից մեկը ճանապարհների վիճակն է, որոնք ոչ բարվոք են։ Երբ օպերատորը հայտ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար,  նա հաշվի է առնում ճանապարհի վիճակը։ Մենք պետք է զուգահեռ լուծենք նաեւ այդ հարցը։


Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի 9 մլրդ դրամ է հատկացվելու ճանապարհների նորոգման համար,  եւ կառավարությունն անելու է հնարավորը՝ այդ գումարը կրկնապատկելու համար։

Կարծում ենք՝տրանսպորտի խնդիրները 1-2 տարում կլուծենք։
Դիտում՝ 829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW