Ճապոնիան պատրաստ է օժանդակություն տրամադրել Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման եւ բիզնես միջավայրի բարելավման համար։ Այս մասին այսօր Երեւանում ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։ «Ճապոնիան ցանկանում է զարգացնել համագործակցությունը Կովկասի հետ՝ ինքնաբավ զարգացում ապահովելու նպատակով։ Այս այցելության ընթացքում առաջարկել ենք կովկասյան նախաձեռնությունը, ըստ որի ՝ օժանդակություն է տրամադրելու մարդկային ռեսուրսների զարգացման եւ բիզնես միջավայրի բարելավման համար»,- ասել է Տարո Կանոն՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում։ Տարո Կանոն տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկելու ՀՀ քաղաքացիների համար Ճապոնիայի մուտքի արտոնագիր ստանալու կարգը դյուրացնելու համար։ Նա հայտնել է, որ մոտ ապագայում ուղիղ չվերթներ են նախատեսվում Տոկիոյի եւ Երեւանի միջեւ։ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նկատել է, որ «Երեւանը չափազանց բարձր է գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում»։ «Աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին, բավական զգալի է. մոտ $300 մլն արտոնյալ վարկեր, շուրջ $79 մլն դրամաշնորհներ, մոտ $11,5 մլն՝ տեխնիկական աջակցության եւ վերապատրաստումների ծրագրերի համար։ Սա շարունակական օրակարգ է»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։ Tweet Դիտում՝ 789