«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տեւական ապօրինությունը վերացնելու եւ պետական գերատեսչությունների կողմից միջազգային ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ»:Այդ մասին ասված է ընկերության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ ««Լիդիան Արմենիա» ընկերությունը մտահոգություն է հայտնում պետական գերատեսչությունների կողմից հետեւողական հակաօրինական գործողությունների միջոցով Ամուլսարի ծրագիրը թիրախավորելու կապակցությամբ։ Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ եւ նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրնեսդրությանը եւ միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար եւ պատրաստակամ է ավարտին հասցնել այս ներդրումային ծրագիրը՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի, շրջակա համայնքերի եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության:Վերջին երեք ամսվա ընթացքում Լիդիանն ապօրինի կերպով զրկվել է շինարարական աշխատանքները շարունակելու հնարավորությունից: Ընկերությունն ակնկալել է, որ Կառավարությունը կապահովի տարրական օրենքի գերակայությունը: Կառավարության կողմից օրենքի գործարկումը չապահովելը հանգեցրել է լուրջ ֆինանսական եւ բարոյական վնասների Ընկերության համար, որոնք շարունակվում են եւ մեծանում են Կառավարության կեցվածքի հետեւանքով:Հուլիսի 6-ից Կառավարությունը նախաձեռնել էր տեսչական ստուգումներ Ամուլսարում: Ընկերությունը միշտ բաց ու պատրաստ է եղել ցանկացած ստուգման: Ստուգումների մեկնարկից առաջ Ընկերությունը զգուշացրել է կառավարության ներկայացուցիչներին, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը, լինելով ակտիվիստ, Ամուլսարի դեմ բազմիցս միակողմանի, չհիմնավորված բացասական կարծիքներ է արտահայտել, ինչը հստակ ապացուցում է Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի հետ իր լրջագույն շահերի բախման փաստը: Այս պարագայում, կարծում ենք, որ նա չէր կարող օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ իրականացնել տեսչական ստուգման գործառույթը: Տեսչական մարմնի հրապարակած եզրակացությունը եւ դրան հաջորդած Արթուր Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները նպատակ ունեն առանց որեւէ իրավական եւ գիտական հիմքի, մակերեսեային պատճառաբանություններով վիժեցնել Հայաստանի ամենամեծ արտասահմանյան ներդրումը: Տեսչական խմբի կողմից հանրության անհանգստության պատճառ հանդիսացող ոչ մի թերություն չգտնելու պարագայում, Արթուր Գրիգորյանն անհեթեթ եւ ոչ իրավական եզրակացություններ է հրապարակել՝ բոլորովին չգիտակցելով իր առաքելության լրջությունը եւ նման անպատասխանատու վերաբերմունքի հետեւանքները: «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է եւ կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով եւ այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից: Որոշակի ուժեր օգտվում են Կառավարության անգործությունից՝ սեփական շահերը հետապնդելով, փորձելով հեղինակազրկել Ամուլսարի ծրագիրը: Այս նպատակին ծառայեցվում են թե՛ անկեղծ ու անտեղյակ, թե՛ հատուկ վճարվող ակտիվիստները, ինչպես նաեւ այդ տարածքի որոշ անպատասխանատու էլեմենտներ:Երեք ամիս տեւող այս ծանր իրավիճակը լուրջ հետեւանքներ է ունենում՝ վնաս հասցնելով Լիդիանում ստեղծված իրավիճակից ուղղակի տուժող հազարավոր հայաստանցիներին եւ նրանց ընտանքիներին եւ անվերականգնելի հարված է հասցնում երկրի ներդրումային մթնոլորտին եւ տնտեսությանը։Ընկերությունը դիմում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տեւական ապօրինությունը վերացնելու եւ պետական գերատեսչությունների կողմից միջազգային Ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ»: Tweet Դիտում՝ 5616