Վրացական երկաթուղին ՀՀ ներկրվող ցորենի համար զեղչեր կկիրառի
29.08.2018 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://customs.news

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հույս է հայտնում, որ արդյունքում փոխադրումների գինը չի բարձրանա:
Նախարարությունը տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 15-ից արգելել ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ՝ երկաթուղային ճանապարհով։
Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։
«Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկու հետ, որի ընթացքում բարձրաձայնել է հացահատիկի ներկրման հետ կապված խնդրի մասին:
Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերոջը փոխանցել էր հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի:
«Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,- ընդգծել էր նա:
Գեորգի Վոլսկին բարձրացված խնդիրն իր գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն էր հայտնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: