Փորձելով փրկել վերամշակման ենթակա հումքը աղբավայրում հայտնվելու ճակատագրից՝ «Թուղթը աղբ չէ» նախաձեռնության անդամներն օգոստոսի 25-ին կրկին Զաքյան 10 հասցեում էին։ Պարբերաբար իրականացվող ակցիայի շրջանակում քաղաքացիներն անվճար հիմունքներով հանձնում են թափոններ, իսկ նախաձեռնության անդամները տեսակավորում են դրանք եւ մեծ ծավալներով ուղարկում վերամշակման գործարաններ։ Մեկ տոննա թղթի վերամշակումը փրկում է միջինում 17 ծառի կյանք։ Ահա այս միտքն է ոգեւորում նախաձեռնության կամավորներին։ «Էկո աղբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանը Banks.am-ի հետ զրույցում պատմում է, որ առաջին ակցիան իրականացրել են մարտին, որի հաջող ընթացքն էլ այն դարձրել է շարունակական։ Թղթին ավելացել են պլաստիկ շշերը, պոլիէթիլենային տոպրակները, իսկ արդեն վերջին ակցիայի ժամանակ՝ նաեւ ապակին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեկ տոննա թղթի դիմաց գործարանը վճարում է 15-30 հազ. դրամ՝ կախված վերամշակողից: Փոքր ծավալներ ընդունելը վերջինի համար բարդություններ է առաջանցում. նախընտրելի է հանձնել 200 կգ եւ ավելի։ Պլաստիկի դեպքում՝ մեկ կգ-ն արժե 100 դրամ, սակայն գործարանի համար այս դեպքում եւս ցանկալի է ընդունել թափոնի մեծ քանակություն։ «Թուղթը աղբ չէ» նախաձեռնության կամավորները նախապես իրազեկում են մոտալուտ ակցիայի մասին, որպեսզի մարդիկ վերամշակման ենթակա հումքը դեն չնետեն եւ նշված օրը բերեն պայմանավորված հասցե:Փորձելով ընդառաջ գնալ նախաձեռնությանը մասնակցել ցանկացողներին՝ այս անգամ, բացի Զաքյան 10-ից, կազմակերպիչները նախապես հայտնել էին 3 տարբեր հասցեների մասին, որտեղ էլ քաղաքացիներից ընդունում էին հումքը։ 03.04.2018 | 11:17 Precious Plastic. Հայաստանում երկրորդ կյանք կտան պլաստիկին «Հավաքն իրականացվեց 4 բեռնատար եւ 3 մարդատար մեքենաներով, սակայն բավականաչափ բարդությունների հանդիպեցինք: Շատերը նախաձեռնությանը վերաբերվում են որպես ծառայության, ու նամակը կամ զանգը ուշացնելու դեպքում՝ սկսում բողոքել, մեղադրել: Շատ կցանկանայինք, որ իրենք պարզապես գային ու կանգնեին մեր կողքին»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Որոշակի դժվարություններ է առաջացնում նաեւ հումքի հավաքագրման համար տարածքի բացակայությունը։ Հումքը պահում են նախագծի աջակից «Թիմ-Թայմ» հակասրճարանում, որի տարածքը բավարար չէ, իսկ թափոնների փոխադրման ծախսերը հոգալու համար պետք է միանգամից մեծ քանակություն տեղափոխել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Օգոստոսի 25-ի ակցիայի արդյունքներն աննախադեպ էին։ Տեսակավորումից հետո 4 բեռնատար եւ 1 մարդատար մեքենա ուղեւորվեց դեպի վերամշակող գործարաններ։ 10.07.2018 | 15:52 Հայաստանում կսկսեն արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը Աղբամանից փրկվեց մոտ 2100 կգ թուղթ, 110 կգ պլաստիկ շիշ, 20 կգ պլաստիկ տարա, 240 կգ ապակի եւ 17 կգ պոլէթիլենային տոպրակ։ Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք կազմակերպություններ, որոնցից մի քանիսը հոգացել է հումքի մի մասի տեղափոխման հոգսը, իսկ մնացած ծավալի փոխադրման ծախսերը հաջողվել է հոգալ թափոնների հանձնումից ստացված շահույթով։ Հռիփսիմեի խոսքով՝ մի փոքր գումար էլ մնացել է, որը կծառայեցնեն մարզերում որեւէ ծրագրի իրականացման ու Երեւանից դուրս մարդկանց խրախուսելու նպատակին։ 25.06.2018 | 09:37 Կապանում ստեղծվում է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս «Հետզհետե մեզ են միանում այլ կազմակերպություններ, մեր նախաձեռնությանը նաեւ ամեն կերպ աջակցում է CleanLand թղթի եւ պլաստիկի վերամշակմամբ զբաղվող գործարանը, սակայն ամեն հաջորդ ակցիայի ժամանակ թափոնները կրկնապատկվում են, աշխատանքը՝ եւս։ Մտահոգություններ ունեմ, որ հաջորդ անգամ մեր կամավորների թիվը չի բավականացնի այս հսկայական աշխատանքն իրականացնելու համար, եւ գուցե Զաքյան փողոցի տարածքը՝ եւս»,- եզրափակում է Հռիփսիմե Մկրտչյանը։ Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Մեդիամաքսի Tweet Դիտում՝ 7178