Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ

14.08.2018 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%:

ԿԲ-ում նշել են, որ 2018թ. հուլիսին արձանագրվել է 1,2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2,6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2,3%:

Միեւնույն ժամանակ, բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռեւս պահպանվելով համեմատաբար բարձր մակարդակում:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին՝ տատանվելով թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջանակում։

«Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել են դրան համադրելի գնաճային զարգացումներ: ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ առեւտրային սահմանափակումների եւ պատժամիջոցների կիրառման ներքո դիտվել է ֆինանսական շուկաների տատանողականության աճ, ինչը ներկայումս ՀՀ ֆինանսական շուկաների համար զգալի ռիսկեր չի պարունակում, սակայն ցանկացած ռիսկի դրսեւորման պարագայում ԿԲ-ն կարձագանքի համարժեքորեն»,- ասված է հաղորդագրությունում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018թ. հունիսին վերամշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճի արագացման շնորհիվ տնտեսական ակտիվությունը վերականգնվել է՝ երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված դանդաղումից հետո:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկայում համախառն պահանաջարկը աստիճանաբար կթուլանա՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով, ինչն արտահայտվում է նախատեսվածի համեմատ ծախսերի զգալի տնտեսումներով:

«Հաշվի առնելով ակնկալվող զարգացումները՝ ներքին պահանջարկի դանդաղումը եւ արտաքին աշխարհի թույլ գնաճային միջավայրը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների եւ նշված ռիսկերի բացակայության պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից խորհուրդը կարեւոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը նաեւ առաջիկա ժամանակահատվածում՝ միջնաժամկետ հատվածում դրա աստիճանական չեզոքացման պայմանով»,- ընդգծել են ԿԲ-ում:

Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:
Դիտում՝ 2332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW