ՀԷՑ-ը հայտնել է սպառման ծավալների կտրուկ աճի մասին

04.08.2018 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Ս.թ. հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետեւանքով նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄգՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄգՎտ: Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի:

Վթարները հիմնականում ազդել են Երեւանի «Արաբկիր» եւ «Կենտրոն» վարչական շրջանների էլեկտրամատակարարման ռեժիմների վրա, քանի որ վերջիններիս մալուխային տնտեսությունն առավել մաշված է, տարածքը՝ խիտ բնակեցված:  

Օգոստոսի 3-ի դրությամբ վթարների վերացման աշխատանքներին ներգրավված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական ողջ անձնակազմը՝ վերանորոգող 10 բրիգադով եւ մալուխային էլեկտրալաբորատորիայով: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով:

Նշենք նաեւ, որ, էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների համաձայն, էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումը վերականգնելու սահմանված ժամկետը խախտելու դեպքում ՀԷՑ-ն իր բաժանորդներին պարտավորվում է վճարել համապատասխան տուգանք:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակին են ուղղված ընկերության՝ 900 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային հաստատված ծրագրերը, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով եւ կիրականացվեն մինչեւ 2028 թ.-ը: Ծրագրի գերակա նպատակն ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տեւողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի եւ հուսալիության բարձրացում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեկ անգամ եւս հայցում է իր բաժանորդների ներողամտությունը»:
Դիտում՝ 2643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW