Յունիբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները՝ նվազեցնելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքները: Բանկում նշել են, որ այսուհետ «Ազգային հիփոթեքային ընկերության» եւ «Բնակարան երիտասարդներին» ընկերության ծրագրերի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման եւ վերանորոգման համար վարկերը կտրամադրվեն՝ սկսած 8,2% տարեկան տոկոսադրույքից: «Ի դեպ, «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի 2%-ը (Երեւան) կամ 4%-ը (մարզեր) սուբսիդավորվում է պետության կողմից: Հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման նպատակը բնակչության լայն զանգվածի համար բնակարանների ձեռքբերումն ավելի մատչելի դարձնելն է»,- ասված է հաղորդագրությունում:«Հիփոթեքային վարկերի հասանելիությունն ամենաարդիական հարցերից մեկն է եւ մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլեւ պարզեցնել վարկերի տրամադրման գործընթացը: Յունիբանկը շատ ակտիվ է հիփոթեքի շուկայում` առաջարկելով վարկեր նաեւ արտոնյալ պայմաններով: Բնակչության մոտ հատկապես մեծ պահանջարկ են վայելում մեր կողմից առաջարկվող առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Tweet Դիտում՝ 1678