ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը եւ Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը քննարկել են համագործակցության հեռանկարները:«Այսօրվա հանդիպմանը կնախանշվեն այն խնդիրները, որոնք առկա են երկու նախարարությունների համագործակցության տիրույթում, ինչպես նաեւ կկազմվի հետագա աշխատանքների պլան, որը պետք է լինի թեմատիկ քննարկումների շրջանակներում` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներին»,- հուլիսի 24-ին, ընդունելով Արծվիկ Մինասյանին, ասել է Լեւոն Գրիգորյանը:«Այստեղ կա շատ լուրջ համագործակցության հնարավորություն եւ մեխանիզմ, որը պետք է փորձենք երկու գերատեսչություններով արդյունավետ իրացնել: Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտները որեւէ խնդրի առաջ չպիտի կանգնեն, ավելին՝ պիտի ավելի լավ վիճակում լինեն, քան Հայաստանում գործող կազմակերպությունները: Դա պետք է մեզ ոչ միայն Արցախում ստեղծված բարիքը առավել արդյունավետ միջազգային շուկաներում իրացնելու համար, այլ նաեւ Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում մայրաքաղաք Երեւանից դուրս տնտեսական ակտիվության խրախուսման ու քաջալերման համար»,- նշել է Արծվիկ Մինասյանը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Արցախի համատեղ աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծրագրերին: Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն Հանդիպմանը քննարկվել են երկու նախարարությունների համագործակցության տիրույթում գտնվող խնդիրները, մասնավորապես՝ արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների (սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակումը եւ արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացումը։Նույն օրը շարունակված աշխատանքային քննարկումների առանցքում եղել են ազգային եւ միջազգային տեխնիկական կանոնակարգերի Հայաստանում կիրառման պրակտիկան, չափագիտության ոլորտում (ԱԳԼՃԿ-ներում չափման միջոցների, էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչների, ավտոկշեռքների ստուգաչափում) Արցախում առկա խնդիրները, գործարար միջավայրի բարելավման գործընթացը, մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցերը:Անդրադարձ է եղել Արցախում արտադրվող ապրանքների արտահանման խթանման հարցերին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Tweet Դիտում՝ 799