Rating-Agentur Expert RA GmbH (RAEX-Europe) վարկանշային գործակալությունը զեկույց է հրապարակել՝ հաստատելով Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով սուվերեն վարկանիշները «BB-» մակարդակում: Վերջինս, ըստ գործակալության, բավարար է կառավարության վարկունակության տեսանկյունից: Միաժամանակ, վարկանիշի հեռանկարը սահմանվել է կայուն, ինչը նշանակում է, որ միջնաժամկետում մեծ է հավանականությունը վարկանիշը տվյալ մակարդակը պահպանելու համար: «Վարկանիշի հաստատմանը նպաստել են ուժեղ եւ կայուն բանկային համակարգը, հետեւողական եւ պատշաճ մակարդակի տնտեսական աճը, դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաեւ իշխանությունների կողմից բյուջետային կոնսոլիդացիային ուղղված մեծ ջանքերը: Այդուհանդերձ, վարկանիշի վրա բացասական ազդեցություն են թողել ֆինանսական համակարգում դոլարայնացման բարձր մակարդակը, կառավարության պարտքի բարձր ցուցանիշը, ինչպես նաեւ արտաքին ռիսկերի նկատմամբ երկրի բարձր խոցելիությունը, որը պայմանավորված է տրանսֆերտներից, ապրանքների ներմուծումից եւ արտահանումից նրա մեծ կախվածությամբ: Ավելին, չնայած մենք հավատացած ենք, որ վերջին շրջանի քաղաքական «խառնաշփոթը» էական ազդեցություն չի թողնի երկրի երկարաժամկետ վարկունակության վրա, այդուհանդերձ, այն կարող է պակասեցնել ներդրողների վստահությունը՝ բացասաբար ազդելով երկրում ներդրումների մակարդակի վրա»,- նշել է RAEX-ի ներկայացուցիչ Հեկտոր Ալվարեսը: RAEX-Europe-ը եվրոպական անկախ վարկանշային գործակալություն է, որը փոխկապակցված է վարկանշային գործակալությունների RAEX միջազգային խմբի հետ: 2015-ից գործակալությունը հավատարմագրված է Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական կարգավորչի (European Regulator for Securities and Markets, ESMA) կողմից: Tweet Դիտում՝ 4975