Երեւան, 29 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան հեղինակավոր “Կրեդիտ Բանկ”-ի տնօրենների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին կառավարության մամլո ծառայությունում, վարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալելու “ԿրեդիտԲանկ”-ի մտադրությունը, նշելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման` ՀՀ կառավարության քաղաքականությանը: Ըստ վարչապետի, բանկի փորձը մեր երկրի համար կարող է բավականին օգտակար լինել, նկատի առնելով, որ Լիբանանը մշտապես համարվել է ֆինանսական կենտրոն եւ լուրջ առաջընթաց է ունեցել ֆինանսական շուկայի զարգացման գործում: Տարեկ Խալիֆան շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար, նշելով, որ ՀՀ ԿԲ-ի եւ հայաստանյան մի շարք բանկերի գործընկերների հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումներն ավելի են ամրապնդել Հայաստանում գործունեություն ծավալելու “ԿրեդիտԲանկ”-ի նպատակադրվածությունը, քանի որ իրենց դիտարկումներով` Հայաստանում զարգացման լուրջ հեռանկար ու բարենպաստ միջավայր կա, եւ բանկն ուրախ կլինի իր ներդրումն ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: “ԿրեդիտԲանկ”-ի տնօրենների խորհրդի նախագահը կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նաեւ ներդրումային ծրագրերում, որոնք ներառում են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5875