ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը»:«Մեր խնդիրն է՝ հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի, այսպես ասած, չմնա հիվանդանոցների դռներին: Մենք այս խնդրի լուծման համար պետք է հարցեր լուծենք երկու մակարդակում. առաջինը՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ծախսման արդյունավետության բարձրացումն է, երկրորդը, որը ռազմավարական խնդիր է, առողջապահության ապահովագրական համակարգի անցման ուղղությամբ խնդիրների լուծումը, որպեսզի գործնականում պետությունը յուրաքանչյուր անգամ ստիպված չլինի միջամտել անհատական դեպքերին եւ մենք ունենանք համակարգային լուծումներ, որոնք կաշխատեն ինքնաշխատ եղանակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանն առողջապահության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկմանը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ իրենց խնդիրն է հասկանալ նշված խնդրի լուծման ճանապարհները եւ գտնել հստակ լուծումներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ ներկայում տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակում առաջանում են հերթեր, ինչը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը, եւ հավելել, որ պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը: Tweet Դիտում՝ 1067