«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի աջակցությամբ կվերանորոգվի Տավուշ գյուղի դպրոցի ճաշարանը

28.06.2018 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» #ՀՕՖ #Կարեն Պետրոսյան
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն եւ Հայ օգնության ֆոնդը հունիսի 27-ին ստորագրել են բարեգործական նվիրաբերության պայմանագիր, որի շրջանակում կվերանորոգվի Տավուշի մարզի Տավուշ գյուղի դպրոցի ճաշարանը։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն ասել է, որ ծրագրի ընդհանուր արժողությունը ավելի քան 5 մլն դրամ է։

«Մեծ ոգեւորությամբ ենք իրականացնում նախաձեռնությունը եւ հույս ունենք, որ այն կնպաստի համայնքի զարգացմանը»,- ասել է նա։

ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն էլ նշել է, որ նման ծրագրերը պետք է շարունակական լինեն։

«Կարեւոր է, որ երեխաները ոգեւորվեն եւ ավելի խանդավառությամբ հաճախեն դպրոց, իսկ այսպիսի ծրագրերը ստեղծում են նման նախադրյալներ»,- նկատել է նա։

Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ. ընկերության տնօրինությունը որոշել է՝ հոբելյանը նշանավորել բարեգործական միջոցառումների իրականացմամբ։

«2008-ին, երբ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ը ստեղծվեց, փոքր թիմ եւ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեինք։ Այսօր արդեն մեր աշխատակիցների թիվը գերազանցում է 50-ը, ունենք 4 մասնաճյուղ, 2 ներկայացուցչություն, 8 մլրդ դրամի վարկային պորտֆել։ Այսօրվա դրությամբ գործող վարկառուների թիվը հատում է 3000-ի սահմանը»,- ասել է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի գործադիր տնօրենը:

Կարեն Պետրոսյանն ընդգծել է, որ ընկերությունն իր 10-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում կարողացել է զարգանալ եւ իր կայուն դիրքը զբաղեցնել Հայաստանի ֆինանսական շուկայում։

Հիմնադրումից ի վեր ընկերությունն աջակցել է գյուղացուն արդյունավետ ֆերմերային տնտեսության ստեղծման հարցում՝ առաջարկելով ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման եւ շուկայահանման ամբողջ շղթայում։
Դիտում՝ 8263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW