Երիտասարդ ընտանիքների եւ զինծառայողների հիփոթեքային վարկերի պայմանները կբարելավվեն

26.06.2018 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #հիփոթեք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների եւ զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:

«Հավաքվել ենք մի շատ կարեւոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են եւ զինծառայողները: Հույս ունենք, որ այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, որպեսզի շոշափելի ծավալներով կարողանանք լուծել զինծառայողների ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները շատ ավելի լավ պայմաններով եւ շատ ավելի մեծ ծավալներով, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ առեւտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով՝ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչեւ 7-7,5%: Բնակարանների ձեռքբերման կանխավճարը կազմելու է 20%, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը նախատեսվել է մինչեւ 30 տարի: Զինծառայողների պարագայում կանխավճարի 10%-ը սուբսիդավորելու է պաշտպանության նախարարությունը, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:

Որպես օրինակ՝ նշվել է, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450 հազ. դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ եւ 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով եւ 7-7,5% տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազ. դրամի չափով:

Երիտասարդ ընտանիքների եւ զինծառայողների բնակարանային ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման կարեւորությունը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ծրագրերի իրականացման համար փորձառու շինարարի ընտրությունը եւ ընդգծել, որ պետք է անել ամեն ինչ՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագրերն ունեն մեծ կարեւորություն, կառավարության առաջնահերթությունների թվում են եւ պետք է բացառել կոռուպցիոն որեւէ դրսեւորում ու խոչընդոտ:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա առաջիկա տարիներին ընդլայնել դրանց ծավալները՝ երիտասարդ ընտանիքներին ու զինծառայողներին բնակարաններով ապահովելու խնդրին արդյունավետ լուծում տալու համար:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրերը վերջնական տեսքի բերելու եւ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:
Դիտում՝ 8102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW