Ատոմ Ջանջուղազյան. Կուտակայինին անցումը չպետք է լինի ցնցումային

19.06.2018 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #կուտակային կենսաթոշակային համակարգ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասել է, որ քաղաքացիների անցումը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին չպետք է ցնցումային լինի:

Այս մասին նախարարն ասել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ:

Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1974թ. հետո ծնված քաղաքացիներ համար: Համակարգի շահառուների գերակշիռ մասը (շուրջ 207 հազ.) արդեն իսկ ներառված է համակարգում, որոնց հուլիսի 1-ից կմիանան եւս 80 հազ-ը:


Ներկա կարգավորումներով՝ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը՝ 5%-ը վճարում է անձը, 5%-ը՝ անձի օգտին պետությունը։

Սա, նախարարի բնորոշմամբ, լրացուցիչ բեռ է համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Նախագծով առաջարկվում է նույն 10%-ը ձեւավորել հետեւյալ կերպ՝ 2,5%-ը՝ քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։


«Սրանով մենք հնարավորություն ենք տալիս վարձու աշխատողին միանգամից չզգալ իր վրա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու բեռը, փոխարենն ունենալ տնօրինվող եկամուտների ոչ էական, ոչ նշանակալի աճ՝ միաժամանակ անարդար չլինելով այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ հիմա վճարել են այդ 5%-ը»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ սա ժամանակավոր լուծում է եւ կտեւի մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։

Առաջարկվող նախագիծը, ըստ գնահատականների, պետական բյուջեի վրա կարժենա լրացուցիչ 12-15 մլրդ դրամ՝ ամբողջ տարվա համար:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կուտակված միջոցները ժամանակի ընթացքում չեն արժեզրկվի, Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ դրանք հիմնականում ներդրվել են արժեթղթերում, որոնք համակարգի մասնակիցների համար կապահովեն գնաճից բարձր եկամտաբերություն:
Դիտում՝ 2682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW