ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող եւ հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10%-ի կուտակումը ձեւավորել 2,5 եւ 7,5% համամասնությամբ, այսինքն՝ 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը: Մինչդեռ, ըստ գործող կարգավորման, կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը՝ 5%-ը վճարում է անձը, 5%-ը՝ պետությունը՝ անձի օգտին: «Սա նպատակ ունի տնօրինվող եկամուտի վրա բացասական ազդեցությունը մեղմել այն մարդկանց համար, ովքեր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են հանդիսանում։ Այս կարգավորումը կլինի ժամանակավոր այն տրամաբանությամբ, որ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման հարցերը դեռ քննարկվում են»,- ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարի խոսքով՝ «սա բյուջեի վրա որոշակի բեռ է ենթադրում, բայց դա հաղթահարելի է»։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համակարգի ամբողջական ներդրումը կարեւոր է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 մլրդ դրամ, որի 70%-ը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: «Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:Նիկոլ Փաշինյանը խոսքով՝ այս որոշումը կայացվում է «ցնցումներից խուսափելու համար»: Tweet Դիտում՝ 6697