Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ. կողմ եւ դեմ կարծիքներ

14.06.2018 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կուտակային համակարգ #Աշոտ Խուրշուդյան #Վահան Քերոբյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հավատացած է, որ «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է լուծել Հայաստանին սպառնացող ժողովրդագրական աղետը»:

Այս մասին Աշոտ Խուրշուդյանն ասել է «Ընդդեմ պարտադիրի. մտահոգություններ եւ առաջարկներ՝ ուղղված կուտակային կենսաթոշակային համակարգին» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ:


«Առանց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մենք, ընդհանրապես, ապագա չունենք: Մերժելով կուտակայինը՝ մենք մերժում ենք մեր ապագան: Եթե այսօր 6 աշխատունակ քաղաքացի «պահում են» մեկ թոշակառուի, ապա 2060-ին այս հարաբերակցությունը կդառնա 2-ը՝ 1-ի: Որպեսզի այս բեռը մեր երեխաների վրա չդնենք եւ խուսափենք մեզ սպառնացող դեմոգրաֆիական աղետից, պետք է այսօրվանից զբաղվենք այս խնդրով»,- ընդգծել է տնտեսագետը:

Որպես իր ասածի ապացույց՝ նա նշել է, որ ներկայում 10-14 տարեկանները կազմում են ընդհանուր բնակչության 20%-ը, 15-64 տարեկանները (աշխատունակ տարիք)՝ 70%-ը, իսկ 65 անց քաղաքացիները (թոշակառուներ)՝ 10%-ը: Մինչդեռ 2060-ին այս ցուցանիշները կդառնան համապատասխանաբար 13,6%, 55% եւ 30,8%:

Խոսելով կուտակային համակարգի բացասական կողմի մասին՝ Աշոտ Խուրշուդյանն ընդգծել է, որ եթե նախակուտակային համակարգն ապահովում էր կենսաթոշակների գրեթե հավասար բաշխում, նոր համակարգով այսօրվա աղքատը կլինի աղքատ նաեւ ապագայում: Այսինքն՝ կուտակային համակարգը «միջսերնդային առումով քիչ սոցիալական է, սակայն լուրջ սոցիալական խնդիր է լուծում ժամանակային առումով»:

Menu.am-ի հիմնադիր, գործարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ պարտադիր կուտակային համակարգի մասին այսօր խոսելը «տրամաբանական չէ, երբ Հայաստանը սրընթաց տեմպերով պարտքեր է կուտակում, իսկ կուտակված միջոցների հիմնական մասը իրական տնտեսություն հոսելու փոխարեն պարտքով տրվում են պետությանը»:

«Կուտակված միջոցների բացի մի փոքր մասից, որը միջնորդավորված ձեւով հայտնվել է հիփոթեքային շուկայում, որեւէ այլ փող իրական տնտեսություն չի գնացել. միջոցները, հիմնականում, պարտքով տրվել են պետությանը: Մինչդեռ մեր երկիրն ավելի արագ է պարտք հավաքում, քանի մենք կուտակում ենք, եւ մենք չգիտենք, թե ինչքան պարտք կունենա այն 40 տարի հետո: Եթե մի օր Հայաստանը դեֆոլտի առջեւ կանգի, մենք կկորցնենք մեր փողերը»,- ասել է Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ կուտակային կենսաթոշակային համակարգով հավաքագրված միջոցների մոտ 40%-ը ներդրված է պետական պարտատոմսերում, 30%-ը՝ բանկային համակարգում, որն էլ, մյուս կողմից, բավական մեծ գումար ունի պետությանը պարտքով տրված:

Փաստաբան Անահիտ Բեգլարյանը եւս հավատացած է, որ ներկայում կուտակային համակարգի ներդրումը ոչ նպատակահարմար է:

«Անձը պարտադրված է իր աշխատածի որոշակի մասը կուտակել՝ չունենալով դրա համար, առնվազն, ցանկություն: Մյուս կողմից, մեր տնտեսությունը դեռեւս բավականաչափ զարգացած չէ դրա համար. աշխատավարձերն այդքան բարձր չեն, ժողովուրդն էլ լուրջ սոցիալական խնդիրներն ունի»,- նկատել է փաստաբանը:
Դիտում՝ 4532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW